ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձեզ, Միացյալ Թագավորության կառավարությանը, թագավորական ընտանիքին և բարեկամ բրիտանացի ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
Թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների, Ազգերի համագործակցության ժողովուրդների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար։
Իր 70-ամյա ղեկավարման երկար և փորձություններով լի տարիներին Նորին Մեծությունն իր իմաստությամբ, խոհեմությամբ և բարեսիրությամբ անգնահատելի ավանդ ու ներդրում է ունեցել Միացյալ Թագավորության զարգացման գործում, ինչպես նաև անջնջելի հետք թողել համաշխարհային պատմության մեջ։
Պատմության գրեթե մի ողջ դարաշրջան մարմնավորող թագուհին վառ կմնա մեր բոլորի հուշերում»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը մահացել է սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում։