Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել պետբյուջեից իրականացվող ծրագրերը

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել սուբվենցիոն և պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մաթևոսյանի մոտ կայացած խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետները։
«Փոխվարչապետը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հատկապես մթերումների հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցերի։
2022թ–ի ընթացքում մարզերում 5.9 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել
Մաթևոսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և մարզպետներին հանձնարարել պատշաճ իրականացնել օրենքով վերապահված իրենց լիազորությունները։