ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էլեկտրամատակարարումը վնասվել է, օպերատորը դիտարկում է աշխատող միակ ռեակտորը կանգնեցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Այսօր ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից տեղեկացա այն լուրջ իրավիճակի մասին, որը ստեղծվել էր անցյալ գիշեր Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում։ Էներգետիկ ենթակառուցվածքը, որը սնուցում է Էներգոդար քաղաքը, որտեղ բնակվում են ԱԷԿ-ի օպերատորներն ու նրանց ընտանիքները, ավերվել է գնդակոծության հետևանքով: Օպերատորը, որն այլևս վստահ չէ արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման հարցում, դիտարկում է աշխատող միակ ռեակտորը կանգնեցնելու հնարավորությունը»,– նշված է Գրոսսիի հայտարարության մեջ:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր գնդակոծությունները Զապորոժիեի ատոմակայանի շրջանում:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: