ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել չեչենական ծագում ունեցաղ շվեդ մարտիկ Համզատ Չիմաևի և ամերիկացի Նեյթ Դիասի միջև մենամարտից առաջ։ Որոշ տվյալներով` ծեծկռտուքին մոտ 100 մարդ է մասնակցել` մարզիկներ և նրանց թիմի անդամներ։
Ultimate Fighting Championship–ի նախագահ Դեյն Ուայթը միջադեպի պատճառով ստիպված է եղել նույնիսկ չեղարկել մամուլի ասուլիսը։
«Մեզ մոտ բավական տարօրինակ իրավիճակ է։ Ընկերության պատմության ընթացքում նման բան չի եղել», – ասել է նա։
Ականատեսները պատմում են, որ սկզբում բախում է տեղի ունեցել Չիմաևի և Հոլանդի միջև, որը հարթել են։ Բայց երբ Համզատին և Նեյթին բեմ էին պատրաստվում դուրս բերել, Նեյթի թիմակիցներից մեկն ինչ–որ բան է նետել Համզատի վրա։ Դրանից հետո որոշվել է չեղարկել ասուլիսը։
Չիմաևը 28 տարեկան է, նա խառը մենամարտերում 11 հաղթանակ ունի և ոչ մի պարտություն։ Դիասի հետ մենամարտը, որը նրա համար վերջինը կլինի, նախատեսված էր անցկացնել Լաս Վեգասում սեպտեմբերի 10-ին։