ՀՀ Զինված ուժերում որոշակի պահից սկսած տեղի է ունեցել լճացում, անհրաժեշտ բարեփոխումներ չեն կատարվել։ Այդպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում՝ անդրադառնալով պետական դավաճանության դեպքերին։ Վերջին այդպիսի դեպքի մասին ավելի վաղ հաղորդել էր Ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ Ներսիսյանի, առհասարակ թշնամու օգտին լրտեսական գործունեությունը պայմանավորված կարող է լինել երկու գործոնով` գաղափարական և սոցիալական։ Հայաստանի պարագայում գաղափարական գործոնը հասկանալի պատճառներով ակտուալ չէ, ուստի հարցը պետք է քննարկել սոցիալական տեսանկյունից։
Փորձագետը կարծում է, որ զինծառայողների մի ստվար զանգված այսօր վարկային բեռի տակ է, և այդ սոցիալական բեռն ինչ–որ կերպ պետք է հաղթահարվի։
«Եթե մարդն օժտված է բարոյականությամբ ու պարկեշտությամբ, նա երբեք չի դիմի դավաճանության։ Եթե չունի այդ հատկանիշները, ապա սոցիալական բեռը կստիպի նրան գնալ նման քայլի», - ասաց նա։
Մեր զրուցակիցն ասում է, որ 2000-ականների սկզբից կամ կեսերից բանակում տեղի է ունեցել լճացում, անհրաժեշտ բարեփոխումները չեն իրականացվել։
«Ուժային կառույցների զսպող մեխանիզմները, որպես համակարգ, արդեն սպառել են իրենց թեկուզ մենթալիտետի առումով, և երբ համակարգը սկսում է լճանալ, կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում։ Դրան գումարվում են սոցիալական խնդիրներն ու բարքերը, և արդյունքում ստանում ենք այն, ինչ ունենք»,–նշեց փորձագետը։
Ներսիսյանի համոզմամբ` առողջ համակարգի պարագայում ուղղակի չեն լինի այնպիսի անձինք, ովքեր հրապարակայնորեն զբաղվում են այնպիսի գործերով, որոնցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այսինքն` կան անձինք, ովքեր համացանցում, յութուբյան ալիքներում զբաղվում են «բացահայտումներով», իսկ հասարակությունն էլ նստած` սպասում է այդ «բացահայտումներին», ինչը նորմալ երևույթ չէ, հետևաբար դա վկայում է ինստիտուտի բացակայության մասին։ Մարդիկ ամբողջ հույսը կապում են այդ կասկածելի վարքի, ինտելեկտի տեր անձանց հետ, հարյուր հազարներով լսում են, և պարզ է, որ նման հասարակությունը կարող է նաև դավաճանների «ծնել»։
«Երբ հասարակությունը փակ է, նրանում կան, այսպես կոչված, տաբուներ, և երբ այդ հասարակությունը բացվում է դրական կամ բացասական հանգամանքների բերումով, իսկ նոր համակարգ չի ստեղծվում, դա կարող է բերել հանցագործությունների»,– ասաց Ներսիսյանը։
Նշենք, որ ԱԱԾ-ի տեղեկացմամբ` միայն 2022-ի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր 8 քրեական վարույթներ 15 անձանց վերաբերյալ։ Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է։