Հայաստանն ու Վրաստանը վթարային իրավիճակներում միմյանց էլեկտրաէներգիա կտրամադրեն

Հայ–վրացական համատեղ աշխատանքային խմբի նիստին ընդգծվել է էլեկտրաէներգիայի ոլորտում երկու երկրների համագործակցության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի էներգաշուկաների օպերատորները համաձայնագիր են ստորագրել վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի տրամադրման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Թբիլիսիում Վրաստանի պետական էլեկտրահամակարգի և Հայաստանի «Շուկայական քլիրինգային կենտրոնի» միջև հայ–վրացական համատեղ աշխատանքային խմբի նիստի շրջանակում, որին մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեն և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում. ՀԷՑ–ից ասել են` երբ է պետք վճարում անել
Կողմերն ընդգծել են էլեկտրաէներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության կարևորությունն ու շեշտը դրել առաջնահերթ ուղղությունների վրա։
Միկաուտաձեն ընդգծել է տարածաշրջանում կայունության պահպանման համար երկրների միջև համագործակցության կարևորությունը։ Նա դրական է գնահատել Վրաստանի և Հայաստանի միջև էներգետիկ համակարգում առկա համագործակցությունն ու ընդգծել է, որ երկրները կարող են հատագայում ևս շարունակել զարգացնել էլեկտրահաղորդման անդրսահմանային ցանցերն ու այդպիսով նպաստել էլեկտրաէներգիայի տարանցման հոսքերի աճին։
Հայաստանում նոր էներգաբլոկը կկառուցվի Մեծամորում. ՏԿԵՆ
Կողմերն ընդգծել են նաև Սևծովյան մալուխի նախագծի կարևորությունը, որի իրագործումից հետո Վրաստանի էներգահամակարգը կկապվի ռումինականի հետ, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանից և տարածաշրջանի այլ երկրներից դեպի ԵՄ էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացնելու համար։