Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի
Եվրոպական ԶԼՄ-ները մինչև վերջին պահը փորձում էին լռության մատնել թեման։ Ինչ-ինչ բաներ լուսաբանելու ռիսկին դիմում էին միայն տարածաշրջանային փոքր թերթերը։ Սակայն հիմա նույնիսկ տեղական աշխատավարձով պրոպագանդիստները ստիպված են խոստովանել․ ընտրազանգվածը սկսում է ապստամբել։ Իսթեբլիշմենթին «թեժ բողոքներով լի աշուն» է խոստացել Գերմանիայի Ձախ կուսակցության առաջնորդ Մարտին Շիրդեվանը, որը ծնունդով Արևելյան Բեռլինից է։
Տպավորիչ է նաև բողոքների աշխարհագրությունը՝ Պրահայից մինչև Լիսաբոն, Լոնդոնից մինչև Լեյպցիգ, և դրա քաղաքական բազմավեկտորությունը։ Հրապարակ են դուրս գալիս աջերն ու ձախերը, պահպանողականներն ու սոցիալիստները, լիբերտարիանիստներն ու անարխիստները։ Քարոզչությունը նրանց «մարգինալներ» և «պրոֆաշիստներ» է անվանում, բայց այդ հին վիրավորանքները ոչ մեկին չեն տպավորում։
Նրանց բոլորին, անկախ քաղաքական պատկանելությունից, միավորում է ձմռան վախը։ Անհասկանալի է, թե ինչպես են վճարելու «կոմունալները», ինչպես են մթերք ու դեղեր գնելու, ինչպես են դիմանալու ռեկորդային գնաճին, եթե աշխատավարձերը չեն ավելանում։ Առավել ևս անհասկանալի է, թե ինչ են անելու, երբ ձեռնարկությունները սկսեն սնանկանալ և առհասարակ դադարեն աշխատավարձ վճարել։
Էլիտաների կողմից եռանդով ներարկվող այն տարբերակը, թե Պուտինն է մեղավոր, այլևս չի աշխատում։ Այն ամենասկզբից էլ հիմար տեսք ուներ, իսկ հիմա, երբ Ռուսաստանը բազմաթիվ անգամներ բարի կամք և պայամանավորվելու պատրաստակամություն է ցուցաբերել (վերցնենք հենց թեկուզ «հացահատիկի գործարքը»), վերջականապես շարքից դուրս է եկել։
Եվրոպացիները տեսնում են, որ հակառուսական պատժամիջոցները իրենց են խփում, խփում են, կարելի է ասել, ավելի ուժեղ, քան ռուսաստանցիներին։ Դա ոչ միայն «կյանքի արժեքի ճգնաժամ» է ստեղծում, ինչպես ամաչկոտ կերպով կոչվում է Եվրոպայի զանգվածային աղքատացումը։ Դա սպառնում է Հին աշխարհը այնպիսի դեպրեսիայի մեջ գցել, որից նա տասնամյակներով չի կարողանա դուրս գալ։
Այսօրվա իրավիճակը շատ նման է նրան, երբ ԱՄՆ-ն ժամանակին սնանկացնում էր Ճապոնիային։ Պատերազմից հետո ամերիկացիները գիտակցաբար աջակցում էին նրա տնտեսությանը, որպեսզի Ծագող արևի երկիրը կապիտալիզմի ցուցափեղկ դարձնեն և թույլ չտան, որ իշխանության գան այն ժամանակ բավականին ուժեղ կոմունիստները։
Սակայն 80-ականների սկզբին ԱՄՆ-ում հասկացան, որ իրենց համար հզոր մրցակից են աճեցրել։ Այդ ժամանակ նրանք Ճապոնիայի դեմ լիարժեք առևտրային պատերազմ ծավալեցին, սակագներով նրա ձեռքերը ոլորեցին, ստիպեցին ստորագրել Plaza համաձայնագիրը։ Եվ վերջ․ մրցակիցը սպանված էր, 1985 թվականից իենը արժեզրկվեց, ճապոնական տնտեսությունը անդունդը գլորվեց ու մինչև օրս շնչակտուր դուրս է գալիս այնտեղից։
Վաշինգտոնի կողմից Եվրոպային պարտադրված հակառուսական պատժամիջոցները նույն առևտրային պատերազմն են՝ ամբողջ հասակով։ Այս պահին գազը ԱՄՆ-ում տասն անգամ ավելի էժան է, քան Եվրոպայում։ Դա ոչ միայն ավելացնում է ամերիկացիների կյանքի մակարդակը։ Դա հսկայական մրցակցային առավելություն է տալիս նրանց արդյունաբերական արտադրությանը։ Եվրոպական ապրանքները հիմա պարզապես դատապարտված են, իսկ դա դատավճիռ է նրանց գործարանների, ֆաբրիկաների, արդյունաբերության, սոցիալական ոլորտի, մի խոսքով՝ եվրոպացի բյուրգերի ամբողջ կենսակերպի համար։
Այդ ոչ խրթին կապը կամաց-կամաց սկսում են հասկանալ նաև շարքային եվրոպացիները։ Ավստրիայի բնակչության 40 տոկոսը չի աջակցում հակառուսական պատժամիջոցներին։ Դրանց դեմ են նաև իտալացիներին 51 տոկոսը, իսկ գերմանացիների 80 տոկոսը կարծում են, որ Գերմանիայի կառավարությունը պետք է ոչ թե զենք ուղարկի Ուկրաինա, այլ հակամարտության խաղաղ լուծում գտնի։
Այդ գաղափարներով տասնյակ հազարավոր եվրոպացիներ ցույցի են դուրս գալիս Պրահայում և Լեյպցիգում, Մագդեբուրգում և Սոֆիայում։ Իհարկե, այդ բազմահազարանոց ելույթներում տեղական քարոզչությունը փնտրում և ակնթարթորեն գտնում է «Պուտինի ձեռքը»։ Թե տեսեք, այդ ռուսներն են ջուր պղտորում Եվրոպայի անծայրածիր տարածքներում՝ պորտուգալական լողափերից մինչև լեհական ճահճուտներ։
Այդ Եվրոպայի քաղաքացիները չեն, որ սարսափով հասկանում են, որ վերջին խնայողությունները ծախսում են պարզապես ուտելիք գնելու և լույսի վարձը վճարելու համար։ Այդ ամենը ռուսական քարոզչություն է։ Ու որքան են այն արգելել, փակել, արգելափակել՝ գրողի ծոցն ուղարկելով խոսքի ազատությունը։ Իսկ այն ինչ-որ անհասկանալի ճանապարհներով, այնուամենայնիվ, հասնում է եվրոպացիների ենթագիտակցությանը և դրդում է ապստամբել։
«Ժողովրդավարության վրա Պուտինի գրոհը հաջողվեց»,-մշուշոտ արձանագրում է Politico.eu պարբերականը,-միայն Եվրոպային նայեք»։
Արևմտյան գործընկերներին լսես, կպարզվի, որ Կրեմլը ղեկավարում է ամբողջ աշխարհը։ Միացյալ Նահանգներում նախագահներ է նշանակում․ հենց նոր Բայդենը երկարաձգեց հատուկ դրության ռեժիմը՝ այն պատրվակով, որ ռուսները կարող են խառնվել ամերիկյան ընտրություններին։ Եվրոպայում ամեն օր վերատպում է բենզինի, էլեկտրականության և մթերքի գները։ Հիմա էլ, ըհը, քաղաքացիներին ցույցերի է ուղարկում։
Սակայն տխուր իրականությունն այն է, որ Կրեմլն անգամ այդքան ջան թափելու կարիք չունի։ Գործընկերներն իրենք են ամեն ինչ հասցնում։ Հիմա մեր աչքի առաջ Նահանգները սնանկացնում են Հին Աշխարհը՝ հույս ունենալով գոնե մի քիչ լեռան թագավոր լինել։ Ներկայիս Եվրոպայի թախծալի իրավիճակը Պուտինի հաղթանակը չէ, այլ եվրոպական էլիտաները կողմից իրենց երկրներն ու ժողովուրդներին Վաշինգտոնի ողորմածությանը հանձնելն է։
Ժողովուրդներն ապստամբում են․ նրանք դրա տակ չեն ստորագրել։ Այստեղ, սակայն, երկրորդ բարդ հարցն է ծագում՝ արդյո՞ք փողոցային ցույցերը կհանգեցնեն եվրոպական քաղաքականության փոփոխությանը։
Տարածված տեսակետ կա, ըստ որի՝ այդ բոլոր ցույցերն անիմաստ են։ Ոստիկանությունն իր գործը գիտի։ Դա ձեզ համար ռուսական Մորդորը չէ, որտեղ իրավապահները ցուցադրաբար փաղաքշում են ցուցարարներին։ Այստեղ ամեն ինչ ժողովրդավարական է․ ռետինե գնդակներ, արցունքաբեր գազ, ոստիկանական հովվաշներ, որոնց քսի են տալիս մարդկանց վրա, հսկայական տուգանքներ և բանտարկության իրական ժամկետներ։
Բացի այդ, ակնհայտ է, որ բազմահազարանոց ամբոխները լիովին զուրկ են ընդհանուր կառավարումից և, համապատասխանաբար, հստակ ընդանուր նպատկներից և ռազմավարությունից։ Դա խարիզմատիկ առաջնորդի կողմից կառավարավող կազմակերպված զանգված չէ, այլ նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց փոքր խմբեր։ Հաճախ նրանք միմյանց թշնամի են։ Լավ երևում է, օրինակ, թե ինչ պրովոկացիոն դեր են խաղում անտիֆայի մարտական ջոկատները։ Հասկանալի է, որ այդ ամենն արվում է գործակալներով լցված տեղական պահպանության, սադրիչների և մատնիչների ձեռքով։
Այլախոհների նկատմամբ խիստ վերահսկողությունը իշխանություններին թույլ է տալիս ղեկավարել բողոքի ակտիվությունը։ Սկզբում մարդկանց թույլ են տալիս «ծուխը բաց թողնել», հետո հավաքում են ակտիվիստներին, վնասազերծում են հավանական առաջնորդներին։ Ո՞ւր է Occupy Wall Street!-ը, որը ներկայանում էր որպես չափազանց հարուստների դեմ պայքարի շարժում։ Նույն տեղում, ինչ և «դեղին բաճկոնները», և բեռնատարների վարորդները, և ֆերմերները։ Ամբողջ ծուխը սուլիչին գնաց։
Բացի այդ, ընտրական մեխանիզմները էլիտաներին ամուր պաշտպանում են ժողովրդական զանգվածներից։ Ընտրողները առաջնորդին փոխելու հնարավորություն պարզապես չունեն։ Գերմանացիներին դուր չի գալիս, որ արտգործնախարար Աննալենա Բերբոկը բացեիբաց ասում է, որ Ուկրաինայի շահերն է պաշտպանելու անգամ ընտրողների կամքին հակառակ։ Ընդ որում՝ ասում է անգլերեն, ասես ցուցադրաբար երդում տալով Վաշինգտոնին։ Բայց գերմանացիները չեն կարող Աննանելային հանել պաշտոնից և այլ քաղգործիչով փոխարինել։ Այդպիսի մեխանիզմներ չկան։ Իսկ եթե անգամ լինեին՝ իշխանության վերին էշելոններին մոտենալիս ամեն ինչ այնքան ցեմենտապատ է, որ անկախ քաղգործիչը պարզապես տեղ չի հասնի։
Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ։ Նախ, վերջին 75 տարվա ընթացքում կուշտ ու հանգիստ Եվրոպան դեռ երբեք այսքան սարսափելի ձմռան շեմին չի կանգնել։ Ըստ այդմ, ապագա բողոքների մասշտաբները մենք դեռ պարզապես չենք պատկերացնում։
Երկրորդ, Եվրոպայում ուժեղ քաղաքական գործիչներ կան, որոնց համար ժողովրդի կարծիքը շատ ավելի կարևոր է, քան վաշինգտոնյան շրջկոմի հրահանգները։ Եվ մենք հիմա Վիկտոր Օրբանի մասին չենք խոսում, թեև նա գրեթե ամեն օր ապացուցում է, որ միանգամայն հնարավոր է պայքարել ամերիկյան ազդեցության դեմ և դրա պատճառով ոչինչ չի պատահի։
Ավստրիական հողերի շատ ղեկավարներ այսօր ակտիվորեն ճնշում են գործադրում Վիեննայի նկատմամբ, պահանջելով պայմանավորվել Մոսկվայի հետ։ Դա հասկանալի է․ հենց նրանց է վիճակված այս ձմեռ բախվել ժողովրդական զանգվածների զայրույթին։ Պատժամիջոցների նկատմամբ նրանց վերաբերմունքը շատ վատն է։ «Ոչինչ քարի վրա արձանագրված չէ»,-դատողություններ է անում Վերին Ավստրիա հողի նահանգապետ Թոմաս Շտելցերը։ Պատժամիջոցների հանդեպ Ավստրիայի մոտեցումը հարկ կլինի փոխել, եթե նրանք «հսկայական վնաս հասցնեն» մեր կյանքին, կարծում է քաղաքական գործիչը։ Այդպիսի խելամիտ քաղգործիչները խառը խմորումների օրերին առաջնորդության իրենց շանսն են ստանում։
Շատ բան է կախված նաև Իտալիայի ընտրությունների արդյունքից։ Մարդիկ այնտեղ աջակցում են ռուսամետ կուսակցություններին։ Ակնհայտ շանս կա, որ սեպտեմբերի վերջին նրանք կհաղթեն, և Իտալիայի խորհրդարանում Կրեմլի բարեկամներից կոալիցիա կառաջանա։ Ջորջ Մելոնին («Իտալիայի եղբայրներ») 2018 թվականին պաշտպանել է Պուտինի վերընտրությունը նախագահի պաշտոնում, Մատեո Սալվինին («Լիգա», նախկին «Հյուսիսի լիգա») լուսանկարվել է Կարմիր հրապարակում՝ Պուտինի դիմանկարով շապիկը հագին, իսկ Սիլվիո Բեռլուսկոնիին առհասարակ ներկայացնելու կարիք չկա։
Սակայն ամենակարևորը նույնիսկ դա չէ․ գլխավորն այն է, որ եվրոպացիներն արթնանում են և մեծամասամբ սկսում են հասկանալ, որ Վաշինգտոնն իրենց համար ոչ հովանավոր է, ոչ պաշտպան, ոչ էլ բարի ամերիկացի քեռի՝ դոլարներով լի քսակով, այլ վտանգավոր, անսկզբունք և խիստ դաժան թշնամի։ Նա կանգ չի առնի սպանության ու թալանի առաջ, իսկ նրա քաղաքականությունը հիշեցնում է հենց Եվրոպայի անցյալը, որը վերջինս, թվում էր, բարեաջող հաղթահարել է։
«Վերջին տարիներին տեղի է ունեցել ժողովրդավարական իրավունքների ոչնչացում, քայլերթ է սկսվել ֆաշիզմի ուղղությամբ»,-Բեռլինում հանրահավաքի ժամանակ հայտարարել է սոցիալիստական «Ազատախոհների լիգայի» (Freidenker) առաջնորդ Կլաուս Հարթմանը:
Նա ֆաշիզմի մեջ մեղադրել է ոչ թե Մոսկվային, ինչպես ընդունված է Արևմտյան վերնախավում, այլ Վաշինգտոնին։ Եվ ցավով նշել է, որ Գերմանիան գրեթե դարձել Է Սպիտակ տան վասալը։
Պատրանքներից ազատվելը, խոստովանելը, որ ամերիկյան գործընկերը քո թշնամին է՝ այս ամենը ծանր ու երկար գործընթաց է։ Սակայն այն ակնհայտորեն սկսվել է։ Զգացողություն կա, որ ըմբռնումը կամաց-կամաց բոլոր եվրոպացիներին կհասնի։ Վերջիվերջո, մենք՝ Ռուսաստանում, նույնպես ոչ անմիջապես հասկացանք։