ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության եռակողմ հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևն այսօր հայտարարել է, թե Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։
«Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև խաղաղ պայմանագրի ստորագրման համար պատրաստ է բանակցությունների։ Հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա»,–ասել է Մուստաֆաևը Ռուսաստան-Ադրբեջան-Իրան աշխատանքային խմբի նիստի շրջանակում։
Ընդ որում`նա նշել է, որ Երևանն ու Բաքուն կարող են հարաբերությունները կարգավորել միայն «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման շրջանակներում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման դեպքում»:
Մաստաֆաևը հավելել է, որ«3+3» ձևաչափը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) թույլ կտա ուժեղացնել տարածաշրջանային անվտանգությունը:
Նրա խոսքով` նոր իրողությունների պայմաններում Բաքուն պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության բոլոր նախաձեռնություններին։
Նշենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Դրան մասնակցել են տարածաշրջանի 5 երկրների նախարարների տեղակալները (բացառությամբ Վրաստանի ներկայացուցիչների)։
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին օգոստոսի 29–ին հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ՌԴ, Իրան և Վրաստան) հերթական հանդիպումը կանցկացվի Թեհրանում մինչև այս տարվա վերջ։