Երասխ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցումը Հայաստանի տարածքում փաստացի սառեցված է

Երկաթուղի. Արխիվային լուսանկար
Երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, որն ակտիվորեն քննարկվում էր պատերազմից հետո, վերջին ամիսներին դուրս է մնացել օրակարգից. 4 ամսվա ընթացքում ոչ մի առաջխաղացում չի գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարությունը Հայաստանի տարածքում սառեցված է։
Եթե պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման տակ առաջին հերթին ենթադրվում էր խորհրդային շրջանի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, ապա վերջին շրջանում ուշադրությունը սևեռված է ավտոմոբիլային երթևեկության բացման վրա։ Երկաթուղու բացման հարցը դուրս է մնացել օրակարգից։
Օգոստոսի վերջին Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ինչ վիճակում է գտնվում երկաթուղու կառուցման նախագիծը։
«Երասխ-Ադրբեջանի սահման երկաթուղու, ինչպես նաև Մեղրիի երկաթգծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածների վերականգնման նախագծի նախնական առաջադրանքի կազմման համար իրականացվել են 43 կմ գեոդեզիական հանութագրման աշխատանքներ», - հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից:
Նշել են նաև, որ իրականացվել են վիզուալ և գործիքային հետազոտություններ, լաբորատոր փորձաքննություններ, կազմվել են հաշվետվություններ 9 թունելների (3050 մ), 22 սրահների, 5 անցումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակների և 4 շենքերի ու կայանների շինությունների վերաբերյալ:
Բանն այն է, որ բառացիորեն նույն պատասխանը (գրեթե նույնական տեքստը) նախարարությունից մեզ տվել էին 4 ամիս առաջ՝ 2022-ի մայիսի սկզբին:
Եթե մայիսին նախագծի ֆինանսավորման մասին հարցին մեզ ասել էին, որ դրան հնարավոր կլինի վերադառնալ նախագծանախահաշվային աշխատանքների ավարտից հետո, ապա այս անգամ նշեցին, որ «Երասխում և Մեղրիում տեղամասերի կառուցման ֆինանսական աղբյուրները որոշված չեն»:
Այսպիսով, առնվազն 4 ամսվա ընթացքում նախագծի իրականացման հարցում ոչ մի առաջընթաց չկա։
Մենք հարցում ենք ուղարկել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ) գրասենյակ` խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք դադարեցվել է նախագծի իրականացումը:
Պատասխանի համար օրենքով նախատեսված հինգ աշխատանքային օրերն անցել են: Մեկնաբանություն ստանալու դեպքում առանձին կհրապարակենք այն։
Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կառողջացնի իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
Ընդ որում, Հայաստանի վարչապետի խորհրդական, Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն վերցնել նրա վատառողջ լինելու պատճառով։
Մարտի 31-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ պարտավորությունները պետք է փոխադարձ լինեն։ Նա ասել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ մեքենայի ճանապարհ, և՛ երկաթուղի կառուցել, սակայն կարևոր է համարում Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը, որն իրավաբանական ուժ կունենա։
«Մենք շատ կոնկրետ ռիսկեր ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չենի կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ի՞նչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը...», - հայտարարել էր այն ժամանակ Փաշինյանը։
Մայիսի վերջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ի պատասխան մեր հարցմանը հայտնել էր, որ Ադրբեջանը չի արձագանքել հաղորդակցությունների բացման մասին իրավաբանորեն պարտավորությունն ամրագրելու Հայաստանի առաջարկին:
Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ:
Ադրբեջանը Հայաստանին իրավական երաշխիքներ չի տալիս հաղորդակցությունների ապաշրջափակման համար