ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի –Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է գրեթե 1 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը։
Մասնավորապես՝ Հայաստանում աճը կազմել է 7 տոկոս, Ղրղզստանում ՝ գրեթե 18 տոկոս, Բելառուսում՝ 6 տոկոսից մի փոքր ավելի, Ղազախստանում՝ 3 տոկոսից մի փոքր պակաս, Ռուսաստանում՝ 1 տոկոս։
Նշվում է, որ Հայաստանում արդյունաբերության հիմնական աճը եղել է ոչ թե հումքային, այլ մշակող սեկտորում (16,4 տոկոս): Հանքարդյունաբերության ծավալները, ընդհակառակը, կրճատվել են գրեթե 10 տոկոսով (հնարավոր պատճառներից մեկը հայկական դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկումն է, որի պատճառով լեռնահանքային արտադրանքի արտահանումը դոլարային արտահայտմամբ կրճատվել է – խմբ.)։
Ռուսաստանում ու Ղազախստանում արդյունահանող արդյունաբերությունը (որի մեջ մտնում է նաև նավթագազային հատվածը) աճել է համապատասխանաբար 1%-ով ու 2,6%-ով:
Հայաստանում սննդամթերքի և ալկոհոլի արտադրությունը տարվա առաջին 7 ամիսներին աճել է 4,5%–ով, քիմիական՝ 2,3%–ով, մեքենաների և սարքավորումների արտադրությունը՝ 61% - ով (ընդ որում, պետք է նշել, որ հանրապետությունում դրանց արտադրության բացարձակ ծավալները մեծ չեն, «քովիդային» ճգնաժամի ժամանակ կրճատվել են, իսկ այժմ վերադառնում են նախաճգնաժամային ծավալներին)։