Պապիկյանը Պենտագոնում պայմանավորվածություն է ձեռք բերել խաղաղապահ առաքելության մասին

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։
Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։
Հավելենք, որ հանդիպմանը, որը կայացել է սեպտեմբերի 8-ին, մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ Պապիկյանը աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 5–ին: