Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումը նոր աշխարհակարգ կծնի

Վլադիմիր Պուտինը Վլավաստոկի խորհրդաժողովին. Արխիվային լուսանկար
Sputnik
Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության հիմնական հետևանքը լինելու է Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումը։ «Ի վերջո դա կհանգեցնի մեր երկրի ուժեղացմանը` և՛ ներսից, և՛ արտաքին դիրքից»,- Վլադիվոստոկում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Այո, իհարկե, որոշակի բևեռացում տեղի է ունենում և՛ աշխարհում, և՛ երկրի ներսում։ Կարծում եմ, որ դա միայն օգուտ կբերի, քանի որ ամեն անպետքը, վնասակարը և այն ամենը, ինչը թույլ չի տալիս մեզ առաջ շարժվել, կմերժվի։ Մենք թափ կհավաքենք, կզարգանանք, քանի որ ժամանակակից զարգացումը հիմնված է միայն ինքնիշխանության վրա։ Մեր բոլոր քայլերն այդ առումով ուղղված են ինքնիշխանության ամրապնդմանը»։
Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հնչեցրած նախագահի այս խոսքերը կարելի է հաստատել միջոցառման ժամանակ արված լուսանկարով։
Ֆորումին Վլադիմիր Պուտինից աջ նստած էր Մյանմայի պետական վարչական խորհրդի նախագահ և ԶՈւ հրամանատար, գեներալ Մին Աուն Հլայնը։ Արևելյան տնտեսական համաժողովի պատվավոր հյուր, պետության ղեկավար` մի՞թե նրա տեղը Ռուսաստանի նախագահի կողքին բնական չէ։ Բայց ամեն ինչն այդքան էլ պարզ չէր։
Բանն այն է, որ գեներալը Մյանման գլխավորել է նախորդ տարվա փետրվարին` օգտվելով տեղի Սահմանադրության առանձնահատկությունից, որի համաձայն բանակը, ըստ էության, պետության միասնության երաշխիքն է։ Մինը իշխանությունից հեռացրել է պետության հիմնադիր հոր դստերը` Աուն Սան Սու Չժիին (նրա կուսակցությունը հաղթանակ էր տարել ընտրություններում)` հիմնավորելով դա նրանով, որ քվեարկությունը խախտումներով է անցկացվել։ Դրանից հետո Արևմուտքի և ՀԱՊԱ–ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որի մեջ է մտնում նաև Մյանման) մի շարք երկրներ նոր իշխանությունը չեն ճանաչել` պահանջելով վերադարձնել Սու Չժիին և նրա կուսակցությանը։ Հեռացված քաղաքական գործիչների համախոհները նույնիսկ իրենց կառավարությունն էին ստեղծել (ընդհատակյա), իսկ նրանց համախոհները սպանում էին այն մարդկանց, ովքեր «աշխատում են խունտայի հետ». արդեն հազարավոր սպանվածներ կան։ Զինվորականները ևս ընդդիմության նկատմամբ առանձնակի փափկություն չեն դրսևորում, բայց պետք է հասկանալ, որ անկախ Մյանմայի շուրջ 75 տարվա պատմությունը կենտրոնական իշխանության մշտական պայքարն է երկրի միասնությունը պահպանելու համար։ Ոչ թե քաղաքական միասնության, այլ գոնե տարածքային։
Մյանման (գաղութային տարիներին Բրիտանական Հնդկաստանի կազմում էր) մի քանի ազգերից է բաղկացած, որի մի մասը երբեք կենտրոնական իշխանությանը չի ընդունել։ Ավելին տասնամյակներ շարունակ մի շարք գավառներում (նահանգներում) պարտիզանական պատերազմ է գնում, և կառավարությունը երբեք լիարժեք, ամբողջությամբ չի վերահսկել երկրի ողջ տարածքը։ Նման պայմաններում միջկուսակցական և ընդհանրապես քաղաքական պայքարն իշխանության համար համադրելի չէր պետության միասնության պահպանման հետ։
Այդ պատճառով զարմանալի չէ, որ զինվորականներն իշխում էին Մյանմայում նրա անկախության գրեթե ողջ ընթացքում, բացառությամբ 50-ականների և 2015 թվականից հետո ընկած ժամանակահատվածի։ Այդ 2 ընթացքում եղել է ամեն ինչ. և՛ սոցիալիզմի սեփական տարբերակի կառուցում, և՛ ԽՍՀՄ–ի հետ բարեկամություն, և՛ երկրի խիստ (բայց ոչ հյուսիսկորեական մասշտաբների) փակվածություն, և՛ անցում կապիտալիզմին ու բազմակուսակցականությանը։
7 տարի առաջ հենց գեներալ Մին Աուն Հլայնն էր որպես գլխավոր հրամանատար իշխանությունը փոխանցել քաղաքացիականներին` նույն Սու Չժիին, որին անցած տարի հենց ինքը հեռացրեց իշխանությունից։ Մյանմայի ներքին այս խնդիրները կարևոր են հասկանալու համար` ինչպես է ամրապնդվում Ռուսաստանի ինքնիշխանությունը։
Հանուն Արևմուտքի միասնության ամեն ինչ կրակն է գցվում, բայց մեզ մեկուսացնել չի լինի. Պուտին
Որովհետև գեներալն առաջին անգամը չէ, որ Ռուսաստան է ժամանում. 2017 թվականից ի վեր նա ամեն տարի, երբեմն մի քանի անգամ, այցելում է ՌԴ։ Նա եղել է Մոսկվայում և մարզերում, բուդդայական մեհյաններ է բացել, ներկա գտնվել զորահանդեսներին Կարմիր հրապարակում և ռազմական գործարաններ այցելել (Մյանման վաղուց է ռուսական զենք գնում)։ Վերջին անգամ Ռուսաստանում էր ընդամենը երկու ամիս առաջ, ինչպես հայտարարվել էր` մասնավոր այցով։ Սակայն Վլադիվոստոկում ներկայիս հանդիպումը Պուտինի հետ նրա առաջին պաշտոնական հանդիպումն էր (ոչ պաշտոնականների մասին ոչինչ հայտնի չէ, տեսականորեն նման բան կարող էր լինել, բայց փակ ռեժիմում)։ Ինչո՞ւ։
Որովհետև, չնայած Մյանմայի (իսկ այն գտնվում է Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ–ի միջև պայքարի և մեծ ուշադրության խաչմերուկում) աշխարհաքաղաքական մեծ նշանակությանը Ռուսաստանը չէր ցանկանում ի ցույց դնել իր կապերը նրա` սկզբում ստվերում գտնվող, այնուհետև իրական կառավարչի հետ (իսկ գեներալը, ըստ էության, 2011 թվականից է ղեկավարում երկիրը, երբ սկսեց գլխավորել ԶՈւ–ն)։ Մինը հանդիպել է Շոյգուի և Պատրուշևի հետ, նրան էր այցելել Լավրովը, բայց ֆորմալ առումով մենք որոշակի հեռավորություն էինք պահպանում։ Եվ դա այն դեպքում, որ նախորդ տարվա «հեղաշրջումից» հետո Ռուսաստանը ոչ միայն չբոյկոտեց նոր իշխանությունը, այլև Չինաստանի հետ նրան նաև դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց` ՄԱԿ–ի ԱԽ–ի մակարդակով արգելափակելով «հեղաշրջումը» և Մյանմայի կառավարության անօրինականությունը դատապարտող բոլոր բանաձևերը։ Այնուամենայնիվ առաջին դեմքերը միմյանց հետ չեն շփվել` նրանց ժամանակը նոր է եկել։
Քանի որ փետրվարի 24-ից հետո Ռուսաստանը Արևմուտքի հետ զուտ հակամարտության մեջ չմտավ, մենք դադարեցինք խաղալ նրանց հորինած կանոններով։ Վլադիվոստոկում ելույթ ունենալիս` Պուտինը` Ուկրաինայում հատուկ գործողությունների մեկնարկից հետո միջազգային իրավունքը ոտնահարելու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներն այսպես բնութագրեց. «Մենք ունեինք դրա իրավունքը ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի հետ մեր ունեցած պայմանագրերի համաձայն։ Իսկ ինչի՞ վրա էին հիմնվում արևմտյան երկրները Իրաքի, Լիբիայի կամ Հարավսլավիայի վրա հարձակվելիս։ Անձամբ են խախտում միջազգային իրավունքն ու հետո ինչ–որ հնարած կանոնների մասին խոսում»։
«Ի՞նչ կանոնների մասին։ Ի՞նչ են հորինել։ Ո՞րտեղից են պեղել այդ կանոնները։ Թող իրենք էլ դրանցով ապրեն»։
Սա շատ կարևոր պահ է. Ռուսաստանն այլևս միջազգային իրավունքի մեկնաբանման իրավունքն Արևմուտքին չի վերապահելու։ Այսինքն` մենք մինչ այդ էլ խոսում էինք այդ մասին, բայց ամեն դեպքում մեր գործողություններում ջանում էինք ինչ-որ չափով հաշվի նստել «կանոնների վրա հիմնված» արևմտյան կարգի հետ։ Այդ տերմինը վերջին տարիներին ավելի հաճախ են սկսել օգտագործել Արևմուտքում` դրանով նկարագրելով այն, ինչն ավելի վաղ «լիբերալ աշխարհակարգ» էին անվանում, իսկ մենք անվանում ենք «անգլոսաքսոնների գլոբալիստական նախագիծ»։ Այն պահելու համար մղվող պայքարով ՆԱՏՕ–ականները փորձում էին պահպանել այն, ինչը չորեքշաբթի Պուտինն անվանեց «գլոբալ տնտեսության և քաղաքականության մեջ ԱՄՆ–ի կորչող գերիշխանություն»։
«Արևմտյան երկրները ձգտում են պահպանել նախկին, միայն իրենց համար շահավետ աշխարհակարգը, բոլորին ստիպել ապրել հորինված կանոններով, որոնք անձամբ հորինել են, անձամբ խախտում են, անդադար իրենց հարմարեցնում ընթացիկ իրադրությունից կախված։ Միևնույն ժամանակ նման թելադրանքին ու ամենաթողությանը ենթարկվելու այլ երկրների դժկամությունը ստիպում է արևմտյան էլիտաներին, պարզ ասած, զայրանալ, անհեռատես արկածախնդիր որոշումներ կայացնել` և՛ համաշխարհային անվտանգության, քաղաքականության տեսանկյունից, և՛ տնտեսության։ Բոլոր այս որոշումները հակասում են ժողովուրդների և երկրների շահերին. ի դեպ, այդ թվում` արևմտյան երկրների քաղաքացիների»։
«Կանոնների վրա հիմնված կարգի» հետ չհաշտվողների վրա ճնշումներ միշտ են եղել, բայց Ռուսաստանը լիարժեք բախվեց դրան 2014 թվականին, իսկ այս տարի իր վրա զգաց առավելագույն ձևով։ Արևմուտքը մեզ ուղղակի «իզգոյ–երկիր» է հայտարարել, բայց չէ որ նախկինում արդեն բազմաթիվ երկրներ նման իրավիճակում հայտնվել են. Իրաքը և ԿԺԴՀ–ն, Իրանն ու Վենեսուելան, Սուդանն ու Սիրիան։ Այո, Մյանմային էլ բազմիցս փորձել են «անկյուն» գցել։ Ու թեև Ռուսաստանը նախկինում իր կապերը չի ընդհատել նրա հետ, ամեն դեպքում ստիպված էր հաշվի նստել Արևմուտքի դիրքորոշման հետ։ Ճիշտ նույնկերպ, ինչպես դա տեղի է ունեցել ԿԺԴՀ–ի կամ Սուդանի ու Արևմուտքի կողմից «իզգոյ» հայտարարած այլ երկրների հետ ՌԴ–ի հարաբերություններում։
Փետրվարի 24-ից հետո ամեն ինչ փոխվեց` այլևս որևէ հիմք չունենք դիվանագիտական խաղեր խաղալու ՆԱՏՕ–ականների հետ, նրանց հետ պետք է խոսել իրենց հորինված տերմինները կիրառելով։ Ու դա ոչ միայն նոր հնարավորություններ է բացում մեր առաջ ոչ արևմտյան աշխարհի ամենատարբեր երկրների հետ հարաբերություններ կառուցելիս` դա ցուցադրում է բոլորին, որ Ռուսաստանն ամբողջությամբ ինքնուրույն է դառնում, որ այն իր աշխարհաքաղաքական ռազմավարությունը կառուցում է ելնելով սեփական շահերից ու ապագայի մասին պատկերացումներից։ Այդ շահերը վաղուց արդեն Արևելքում և Հարավում են, իսկ այն բանից հետո, երբ Արևմուտքն իր պատմական ընտրությունն արեց ի շահ ՌԴ–ի հետ առճակատման, կարող ենք նաև անմիջապես հայտարարել այն մասին, որ ՌԴ-ի շահերին է համապատասխանում և՛ Արևմուտքի ռազմավարական թուլացումը, և՛ միասնական Արևմուտքի պառակտումը։
Բայց մեր գլխավոր խաղադրույքը ոչ թե հեռացող հեգեմոնի դեմ է, այլ նոր ճարտարապետության կառուցման։ Վլադիվոստոկում Պուտինը կրկին կարճ նկարագրությունն է տվել այն աշխարհակարգին, որին ձգտում ենք.
«Բազմաբևեռության և աշխարհի մասին պատկերացումն այնպիսին է, որ աշխարհը պետք է ավելի արդար լինի, աշխարհը չպետք է հիմնված լինի մեկ երկրի դիկտատի վրա, երկիր, որն իրեն երկրի վրա Աստծու ներկայացուցիչ է համարում ու իր ողջ քաղաքականությունը հիմնում է իբր իր բացառիկության վրա։
Պետք է հարգել մյուս երկրների շահերը, հավասարի պես վերաբերվել՝ անկախ տարածքի մեծությունից, ՀՆԱ–ի ծավալից կամ բանակում ժամանակակից զենքի առկայությունից։ Հիմնվել է պետք միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այլ ոչ թե ինչ–որ կանոնների, որոնք ինչ–որ մեկն ինքն իր համար է հորինում ու հարմարեցնում։
Սրանում է կայանում արդարությունը, դրանում է կայանում նաև աշխարհակարգի կայունությունը։ Մենք միշտ դրանով ենք առաջնորդվել, դրանով էլ շարունակելու ենք առաջնորդվել և պայքարելու ենք մեր ինքնիշխանության համար։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ մենք պատրաստ ենք այս պայմաններում համագործակցել ցանկացած պետության հետ, որը կցանկանա դա, և կանենք դա։ Համոզված եմ, որ ի վերջո ամեն ինչ այդպես էլ կլինի, ամեն ինչ իր տեղը կընկնի»։
Ինքնուրույն հարաբերություններ կառուցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են, ուշադրություն չդարձնելով, թե ինչպես են դրան վերաբերվում «կանոններ սահմանողները». դա է հենց ինքնիշխանության ամրապնդում կոչվածը։