ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունում ճշտում են հայ ռազմագերիների վերադարձի մասին տեղեկատվությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Այս պահին ՊՆ-ն հաստատված, ճշտված տեղեկատվություն չունի»,- մեզ հետ զրույցում հայտնել է խոսնակը։
Հիշեցնենք, որ Sputnik Ադրբեջանը հայտնել էր, որ Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 4 հայ ռազմագերիների դատավճիռը։
Դատարանի վճռով՝ ռազմագերիները դատապարտվել են ազատազրկման մեկ տարի 8 ամիս և 25 օր ժամկետով։ Այսպիսով` նրանք համարվել են պատիժը կրած և ազատ են արձակվել քրեակատարողական հիմնարկից:
Sputnik Ադրբեջանը նաև հայտնել է, որ այսօր ազատ արձակված հայերը ձերբակալվել էին 2020-ի դեկտեմբերին։
Ենթադրվում է, որ խոսքը Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Այդ ժամանակ ադրբեջանական գերության մեջ էին հայտնվել 60-ից ավելի հայ կամավորներ։
Նշենք, որ ավելի վաղ Telegram ալիքներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ այսօր Հայաստան են վերադարձվելու 5 ռազմագերիներ։
Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։