Ինչպես դիմանալ ցրտաշունչ ձմռանը. հայաստանցիների խորհուրդները՝ եվրոպացիներին

Փայտի վառարան. Արխիվային լուսանկար
​Եկեք անկեղծ լինենք։ Կան ենթադրություններ այն մասին, թե Եվրոպան պարզապես չի դիմանա այս ձմռանն առանց ռուսաստանյան գազի։ Ինչպես ասում են՝ կապրենք կտեսնենք։
Sputnik
Երևի հիշում եք՝ ամռանն էլ ՄԱԿ-ի մակարդակով զգուշացումներ էին տարածվում, որ Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով մարդկությանը համատարած սով է սպասում։ Հիմա այդ խոսակցությունները լրիվ դադարել են։
Այո′, սննդամթերքի գները բարձրանում են, բայց գոնե հայաստանցիներիս համար դա այնքան սովորական երևույթ է դարձել, որ եթե մտնում ես սուպերմարկետ և հայտնաբերում, որ մի տուփ կարագն արժե ճիշտ այնքան, որքան մի շաբաթ առաջ էր, ուզում ես գնալ Երեանի կենտրոն, բազմամարդ հանրահավաք կազմակերպել Կառավարության տան դիմաց և ազգովի շնորհակալություն հայտնել հարազատ իշխանություններին՝ ժողովրդի նկատմամբ այդքան հոգատար վերաբերմունքի համար։ ​
Այնինչ, հասարակ եվրոպացիները՝ ի տարբերություն մեզ, այնքան էլ մեծ համակրանք չեն տածում իրենց իշխանությունների նկատմամբ։ Դրա ապացույցն է թեկուզ Պրահայի կենտրոնում մի քանի օր առաջ տեղի ունեցած աննախադեպ հակակառավարական հանրահավաքը, որի մասնակիցների թիվը հասնում էր 100 հազարի։ Իհարկե, եթե Հայաստանում լիներ, որոշ կայքեր հանրահավաքից երկու ժամ առաջ վերևից արված լուսանկարներ կտեղադրեին ու կգրեին, թե ընդդիմության կազմակերպած հանրահավաքում ընդամենը մի քանի հարյուր մարդ կար, բայց Չեխիայի իշխանություններն ընդունում են՝ Վացլավի հսկա հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Ու բոլորը բողոքում էին՝ շատ է թանկացել ամեն ինչ։ ​
Ճիշտ է, քաղաքացիների ընդվզումը աճող գների, հատկապես գազի և էլետրականության սակագների դեմ Եվրոպայում գոնե առայժմ զանգվածային բնույթ չեն ստացել։ Բայց դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա առաջիկայում։ Բրիտանական կառավարությունն, օրինակ, արդեն հայտարարել է, որ հոկտեմբերի մեկից էլեկտրաէներգիայի գինը աճելու է միանգամից 80 տոկոսով։ Անմիջապես էլ սոցիալական ցանցերում շարժում սկսվեց՝ «Չե′նք մուծելու» կարգախոսով։ Ինչ միամիտն են բայց անգլիացիները. չեք մուծի՝ լույս չե′ք ունենա։
Մենք այդ դասը վաղուց ենք անցել, երբ 90-ականների առաջին կեսին իշխանությունները այն ժամանակվա էներգետիկայի և վառելիքի նախարար Միրոն Շիշմանյանի բնորոշմամբ՝ պարզապես «էներգետիկ տեռոր» նախաձեռնեցին բնակչության դեմ։ Ու երևանցին, որը մինչ այդ շարունակ լացում էր՝ փող չունեմ, փող չունեմ, լավ էլ սկսեց բարեխղճորեն մուծել էլեկտրականության համար։ Բա հո առանց լույսի չէ՞ր նստելու։ ​Շատ ճիշտ եք՝ առանց լույսի էլ ենք նստել երկար ժամանակ։ Ջեռուցման մասին էլ չեմ ասում։
Այնպես որ, շատ հանգիստ կարող ենք էքստրեմալ պայմաններում ապրելու դասընթացներ կազմակերպել եվրոպացիների համար։ Որովհետև այն խորհուրդները, որոնք նրանք հիմա լսում են, երբեմն պարզապես ծիծաղելի են։
Վուչիչը Եվրոպային «բևեռային ձմեռ» է կանխատեսել, եթե նա մտածում է «հաղթել Ռուսաստանին»
Օրինակ, Բրիտանական ԷսԷսԻ էներգետիկ էնկերությունը հրապարակել է «ձմռանը տաքանալու հասարակ և արդյունավետ միջոցների» մի ամբողջ ցանկ, որում նաև խորհուրդ է տալիս՝ ձեր տան կատվին գրկեք ու պառկեք քնելու։ Կներե′ք, ի՞նչ կատու, մենք՝ հայաստանցիներս, հո հրաշալի գիտենք, որ ամենալավը հարևանի վառարանի վրա տաքացրած աղյուսն է։ Դնում էի ոտքերիս տակ, վերմակով լավ ծածկվում էի, վրան էլ բանակից բերած շինելս էի գցում ու երազում այն բաղձալի օրվա մասին, երբ, ինչպես ասում էր Եղիշե Չարենցը, էլի գարուն կգա, կբացվի վարդը։ ​
Եվրոպայում շրջանառվող որոշ խորհուրդներ կարող են նույնիսկ բավական զարմանալի թվալ։ Օրինակ, արևմտյան թերթերից մեկում կարդացի, ասում են՝ եթե ձմռանը երեկոյան մտադիր եք ձեր բնակարանի լույսը վառել, նախ դրսում ստուգեք՝ քամի կա՞, թե՞ չէ։ Եթե քամի չկա, լույսը առժամանակ մի միացրեք։ Սկզբից չհասկացա՝ լույսը քամու հետ ի՞նչ կապ ունի, բայց հետո լսեցի բացատրությունը՝ քանզի եվրոպական շատ երկրներում, օրինակ, Դանիայում, էլեկտրաէներգիայի մի զգալի մասը հողմային կայաններից է ստացվում, քամու բացակայության դեպքում էներգիան պակասում է։ Մի քիչ դիմացե′ք, մանավանդ որ ձեր սիրած հեռուստասերիալը կարող եք նաև մութ սենյակում դիտել։ ​
Մահապատժի վերացում. ուզում ենք լինել Եվրախորհրդի անդամ՝ առանց կատարելու նրա պահանջները
Իսկ ընդհանրապես մրսկան եվրոպացիներին օգնելու լավագույն ձևն առաջարկել է Հունաստանը։ Այդ երկրի զբոսաշրջության նախարար Վասիլիս Կիկիլիասը դիմել է գերմանացի կենսաթոշակառուներին՝ ցուրտ ձմռանը հսկայական ծախսեր անելու փոխարեն, եկե′ք մեզ մոտ՝ հա′մ տաք է, հա′մ էժան, հա′մ գեղեցիկ ծովի ափին է, հա′մ էլ կարող եք այնպիսի բնակարան կամ տուն ընտրել, որը բուխարի ունի, ասել է նախարարը՝ ավելացնելով. «Իսկ եթե այս ամենը ձեզ դուր գա, միգուցե ընդհանրապես տեղափոխվեք մեզ մոտ»։
Հիմա ի՞նչ եք ասում՝ մենք էլ կոչով չդիմե՞նք եվրոպացիներին. «Կատվին գրկելու փոխարեն եկե′ք մեզ մոտ՝ Հայաստան»։ ​