ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 2007թ.–ին Ծաղկաձորի անտառպետության տեղամասից անտառային հողեր է վարձակալության տվել` կնքելով 10 տարով պայմանագրեր` տարեկան 240 000 ՀՀ դրամ վարձավճարով:
7 տարի անց` 2014թ.–ին, «Հայանտառը» դիմել է դատարան վարձավճարների բռնագանձման պահանջով` ընդհանուր 34 114 551 դրամի չափով։ Դատարանը բավարարել է պահանջը, բայց տնօրենը դատական ակտերն ի կատար ածելու փոխարեն վարձակալների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից օգտվելով` ՊՈԱԿ-ի աշխատակիցներին բանավոր հրահանգել է դատական ակտերը կատարման չուղարկել:
Եվս 2 տարի անց` 2016թ. դեկտեմբերին, տնօրենը հրամայել է ներել վարձավճարների ու դրանց չվճարման դիմաց տույժ–տուգանքների կուտակված պարտքերը որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալների կրած վնասների հատուցում։
Հիշեցնենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը 13 տարի` 2004-2017թթ–ին, զբաղեցրել է ՀՅԴ անդամ Մարտուն Մաթևոսյանը։ Նրան այդ պաշտոնում հետագայում փոխարինել է ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը։