ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Փրկարարներն ավարտել են Կլյուչևսկի լեռան վրա մահացած 9 զբոսաշրջիկների մարմինների տարհանումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Կամչատկայի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունում:
«Առավոտյան ուղղաթիռը թռել է դեպի հրաբուխ։ Օդաչուները մեքենան բարձրացրել են մինչև 4158 մետր և երկու թռիչքով վերցրել են զոհերի մարմինները և հասցրել ենք դրանք Կլյուչի ավան։ Այնուհետև նորից են բարձրացել և վերցրել են գործողությանը մասնակցող փրկարարներին»,-պատմել են մամուլի ծառայությունում։ Այսօր զոհերի մարմինները կտեղափոխվեն Պետրոպավլովսկ-Կամչատսկ՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու համար։
Տասը զբոսաշրջիկներից և երկու զբոսավարներից բաղկացած խումբը արշավի էր դուրս եկել օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 3-ին ինը մարդ սկսել է բարձրանալ Կլյուչևսկի լեռան գագաթը՝ դեպի հրաբխային խառնարա, երեքը մնացել են ճամբարում՝ 3300 մետր բարձրության վրա։ Արտակարգ իրավիճակում հայտնված ճանապարհորդները ժամանել էին վեց շրջաններից՝ Ալթայի, Պրիմորսկի և Կամչատկայի երկրամասերից, Վլադիմիրի և Նովոսիբիրսկի մարզերից, ինչպես նաև Մոսկվայից:
Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին նրանք օգնության համար դիմել էին փրկարարներին այն բանից հետո, երբ հինգ մարդ մահացել էր բարձրությունից ընկնելու հետևանքով, մեկ լեռնագնաց տուժել էր և կորցրել գիտակցությունը, էքսկուրսավարը կոտրել էր ոտքը: Սեպտեմբերի 4-ին երկրամասի կառավարությունում հայտնել էին խմբի վեցերորդ անդամի մահվան մասին: Հաջորդ օրը հայտնի է դարձել ևս երեք մարդու մահվան մասին։
Սեպտեմբերի 6-ին խմբի ողջ մնացած երեք անդամներին կարողացել են ուղղաթիռով տարհանել 3700 մետր բարձրությունից։ Զբոսավարին հոսպիտալացրել են Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքում՝ վերջույթների ցրտահարությամբ։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով։