ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀԱՊԿ–ում ՀՀ–ի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ Քաբուլում սեպտեմբերի 5-ին կայացած ահաբեկչության դատապարտմամբ հայտարարություն է ընդունվել։
«Մշտական խորհուրդը խորին ցավակցություն է հայտնում ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի, ինչպես նաև Աֆղանստանի խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթում ահաբեկչության հետևանքով տուժածներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Խորհուրդը հույս ունի, որ մանրակրկիտ և օպերատիվ հետաքննություն կանցկացվի, որի արդյունքում բոլոր մեղավորներն ու անմարդկային այս ակցիայի ծրագրման ու իրագործման հետ առնչություն ունեցողները կպարզվեն և կպատժվեն։
Փաստաթղթում ասվում է, որ մշտական խորհուրդն անկասկած դատապարտում է ցանկացած տիպի ահաբեկչություն իր բոլոր դրսևորումներով և ընդգծում այս սպառնալիքն արմատախիլ անելու նպատակով միջազգային հանրության ջանքերի միավորման անհրաժեշտությունը։
Հայտնել ենք, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ մարդկանց խմբի մեջ գտնվող մահապարտը պայթուցիկ սարք է գործարկել: Ականատեսները հայտնել են, որ ահաբեկչության զոհերի թիվը կարող է հասնել 20-ի։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է առնվազն 10 մահացածի և 8 հոսպիտալացվածների մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսաստանցի 2 դիվանագետ է զոհվել։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ասել է, որ դեսպանատան պահպանության միջոցառումներն ուժեղացվել են, այդ թվում` թալիբների իշխանության լրացուցիչ ուժերի և Աֆղանստանի հակահետախուզության ներգրավմամբ։