ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին երկրի ազգային հավաքական է հրավիրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Ալեքսանդր Կովալենկոյի հետ Հայաստանի հավաքականի կազմում հավանական հանդես գալու հարցով», – հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Այսօր Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայտարարեց սեպտեմբերյան հավաքներին հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստների անունները։ Ընդլայնված կազմում առաջին անգամ հայտնվել է «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սամարայի «Կռիլյա Սովետովի» 18-ամյա կիսապաշտպանը ՀՀ հավաքականի կազմում հանդես գալու համար մտածում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին։
Ալեքսանդր Կովալենկոն «Արարատի» նախկին խաղացող Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։ Ֆուտբոլիստի մայրը հայ է, հայրը` կիսով չափ հայ, կիսով չափ ռուս։