Հայաստանի անկախության օրն առաջին անգամ կտոնեն նաև Մոնակոյում

Բարեգործական համերգին հրավիրված են Մոնակոյի թագավորական ընտանիքը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև հայտնի հայեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Մոնակոյի մայր տաճարում` իշխանության գլխավոր վանքում, սեպտեմբերի 23-ին բարեգործական համերգ կկայանա Հայաստանի անկախության օրվա առիթով։ Համերգից ստացված միջոցները կուղղվեն Mission Enfance հիմնադրամին` անապահով հայ ընտանիքների երեխաների օգնության համար։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց համերգի նախաձեռնող և կազմակերպիչ Վրույր Փենեսյանը, համերգին կմասնակցեն հայտնի օպերային սոպրանո Լիանա Ալեքսանյանը Գերմանիայից, Վիեննայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ինչպես նաև հանրահռչակ ֆրանսահայ դուդուկահար Լևոն Մինասյանը, որի վիրտուոզ կատարումները հնչում են «Մայրիկ» և «Շքերթի փողոց, տուն 588» ֆիլմերում։
Mission Enfance հիմնադրամը, որի պատվավոր նախագահն է իշխան Ալբերա II–ը, արդեն 30 տարի է, ինչ բարեգործական նախագծերով է զբաղվում Հայաստանում։
Միջոցառմանը հրավիրված են Մոնակոյի թագավորական ընտանիքը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև հայտնի հայեր։