Ներկայիս ԱԺ–ում իշխող մեծամասնությունը չի արտահայտում երկրում առկա իրական մարտահրավերները և որևէ քննարկում կամ լուծման տարբերակ չի առաջարկում, ուստի «Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում մասնակցել խորհրդարանի գալիք նստաշրջանի աշխատանքներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պատգամավոր Ագնեսա Խամոյանը` շեշտելով, որ խորհրդարան վերադառնալու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` ԱԺ սեպտեմբերի 12-ի նստաշրջանին ընդառաջ ընդդիմադիր երկու դաշինքներում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ գնալ-չգնալու հարցով, սակայն ընդդիմադիրներն ընդհանուր հայտարարի չեն գալիս։
«Մենք պարբերաբար մեր գործընկերների հետ տարբեր հարցերի շուրջ ունենում ենք քննարկումներ, այդ թվում նաև խորհրդարան վերադառնալ–չվերադառնալու հարցի շուրջ։ Մեր խմբակցության անունից կարող եմ ասել, որ կոնկրետ այդ հարցի առթիվ մեր դիրքորոշումը չի փոխվել»,– նշեց ԱԺ պատգամավորը։
Անդրադառնալով նախկինում արված հայտարարությանը, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարան վերադառնալու դեպքում կառաջնորդվի բացառապես իր օրակարգով և այդ համատեքստում պատասխանելով հարցին, թե մինչ այդ ում օրակարգով էին առաջնորդվում` Խամոյանը շեշտեց` երկրի և ժողովրդի օրակարգով։
«Մեր դիրքորոշումներում այդ մասով նույնպես որևէ փոփոխություն չկա։ Մեզ համար առաջնային է երկրի ու ժողովրդի շահը։ Սեփական օրակարգով առաջնորդվելու ձևակերպումն առաջացել է այն ժամանակ, երբ մենք հանդես եկանք տարբեր նախաձեռնություններով, սակայն բախվեցինք պատի, այսինքն` իշխանությունը որևէ հարցում մեզ չի ընդառաջել։ Բերեմ մեկ օրինակ. Շուշիի թուրք–ադրբեջանական հայտնի հռչակագրի դեմ հրավիրեցինք նիստ, բայց իշխող քաղաքական ուժի պատգամավորներն անգամ նիստին ներկա չգտնվեցին»,– հիշեցրեց Խամոյանը։
Նա հավելեց, որ երկրի անվտանգության, պաշտպանության, սոցիալ–տնտեսական հարցերի շուրջ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նախաձեռնություններով, սակայն կարևոր խնդիրների վերաբերյալ որևէ քննարկում չի ծավալվել, և ընդդիմադիր պատգամավորների նախագծերը մերժվել են, հետևաբար նրանք չեն հանդուրժում նման գործելաոճը։
Անդրադառնալով նաև մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ ի տարբերություն առաջին փորձի` ՔՊ-ն հունվարին մտադիր է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացն ավարտին հասցնել, Խամոյանն ընդգծեց, որ դա ապագայի հարց է, հետևաբար այս պահին տեղին չէ որևէ կանխատեսում անել և տալ որևէ մեկնաբանություն։