Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Սինքֆիլդի գավաթի խաղարկության 5–րդ տուրում

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ոչ-ոքի է ավարտել պարտիան Սինքֆիլդի գավաթի խաղարկության հինգերորդ տուրում: Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում։
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սև ֆիգուրներով ոչ–ոքի է խաղացել ամերիկացի Ուելսի Սոյի հետ և 2 միավորով 8-րդ տեղում է։
Միանձնյա առաջատարն ամերիկացի Հանս Նիմանն է, որը ոչ–ոքի է ավարտել պարտիան ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ և ունի 3,5 միավոր։ Երկրորդ տեղում Ուեսլի Սոնն է։
Նշենք, որ 4-րդ տուրում հայ գրոսմայստերը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ և խաղն ավարտվեց ոչ–ոքի։ 3–րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջային:
Նշենք, որ բացի Լևոն Արոնյանից, մրցաշարում հանդես են գալիս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը, Հանս Նիմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ):
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 դոլար, հաղթողը կստանա 100 000 դոլար: