Արմավիրում 69-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփ է հայտնաբերվել

Տղամարդու տանը հայտնաբերվել է կանեփից պատրաստված զանգված, որն անձնական օգտագործման համար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 69-ամյա բնակչի տնամերձ հողամասում կանեփանման բույս են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մինչ այդ, Արմավիրի քննչական վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ:
«Արմավիրի բաժնի ոստիկաններն օրերս զննություն են կատարել Այգեշատ գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասում: Հայտնաբերվել է կանեփանման 44 բույս, իսկ տանտերը ներկայացրել է կանեփանման չորացված-մանրացված մոտ 15 գրամ զանգված»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ըստ տանտիրոջ` զանգվածը կանեփից պատրաստած թմրանյութ է, որը ստացել էր իր աճեցրած կանեփից` անձամբ օգտագործելու համար:
Ներկայցված տեղեկության տակ ոստիկանությունը նշում է, որ թմրանյութի հանդեպ սերը տարիք չի հարցնում։
Դեպքի հանգամանքները պարզվում են: