Զապորոժիեի ատոմակայանի հրետակոծության պատճառով մազութն արտահոսել է ջրամատակարարման ջրանցք

Զապորոժիեի ատոմակայան
Սեպտեմբերի 6-ի կեսօրին Էներգոդարը ուկրաինական ԶՈւ կողմից ենթարկվել է հրետակոծության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Էներգոդարում Զապորոժիեի ատոմակայանի հրետակոծության հետևանքով մազութի արտահոսք է տեղի ունեցել դեպի ատոմակայանին ջուր մատակարարող ջրանցք։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան։
Նրա խոսքով՝ Էներգոդարի գնդակոծությունը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 5-ի կեսօրին։
«Հարվածի հետևանքով խոցվել է մազութով լի բաքը։ Մազութն արտահոսել է ջրանցք, որը ջուր է մատակարարում ատոմակայանին»,– ասել է վարչակազմի ղեկավարը։
Վոլգան հայտնել է, որ մասնագետներն ուսումնասիրում են վթարի վայրը՝ այն վերացնելու միջոցներ ձեռնարկելու համար։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 194-րդ օրը։