ԶԱԷԿ-ի էներգամատակարարումների վրա ազդող ռազմական գործողությունները պետք է դադարեն. ՄԱԳԱՏԷ

ԶԱԷԿ
ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ընդգծվում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը մեկ անգամ չէ, որ գնդակոծությունների հետևանքով ամբողջությամբ կամ մասնակիորեն կորցրել է իր սահմաններից դուրս էլեկտրամատակարարումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբեր – Sputnik. Անհրաժեշտ է դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, որոնք կարող են ազդել Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման համակարգի վրա։ Նման կարծիք է նշված ՄԱԳԱՏԷ-ի առաքելության արդյունքների վերաբերյալ զեկույցում։
«Մի քանի անգամ Զապարոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ կամ մասնակիորեն կորցրել է օբյեկտի սահմաններից դուրս էլեկտրամատակարարումը՝ այդ շրջանում ռազմական գործողությունների հետևանքով…ՄԱԳԱՏԷ-ն խորհուրդ է տալիս, որ օբյեկտի սահմաններից դուրս էլեկտրասնուցման գիծը վերականգնվի նախագծին համապատասխան ու հասանելի լինի ցանկացած ժամանակ, և որ բոլոր ռազմական գործողությունները, որոնք կարող են ազդել էլեկտրամատակարարման համակարգի վրա, դադարեցվեն», - նշված է զեկույցում:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: