ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զորքերը կեսգիշերից 4 անգամ հրթիռակոծել են Խերսոնի մարզի Նովայա Կախովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի վարչակազմին։
Քաղաքին հրթիռային առաջին հարվածը հասցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 02.07-ին։ Առնվազն 16 պայթյուն է որոտացել, գործել է ՀՕՊ համակարգ։ Գիշերն ավելի ուշ հարվածներ են հասցվել ժամը 3։00-ին և 3.20-ին։ Վարչակազմում հայտնել են, որ հարվածները, ենթադրաբար, Կախովսկայա ՀԷԿ-ին են եղել։
Առավոտյան ժամը 4-ի սահմաններում Ուկրաինայի ԶՈւ-ն Նովայա Կախովկան հրթիռակոծել է ևս մեկ անգամ։
Քաղաքի վարչակազմի Telegram ալիքից տեղեկանում ենք, որ ՀՕՊ-ի շուրջ 10 հարվածներ են հաշվարկել, և դա գիշերվա ընթացքում 4-րդ տագնապի ազդանշանն է եղել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 194-րդ օրը։