Տավուշի երեխաները վախենալու բան ունե՞ն Բրայան Մեյից. երաժիշտը բացատրել է` ինչ կլինի բեմում

Սահմանամերձ Տավուշի երեխաները սրտատրոփ սպասում են հանրահռչակ երաժշտի հետ իրենց ելույթին։ Երաժշտի հիմնական խնդիրն է այնպես անել, որ երեխաները չկաշկանդվեն, այլ հաճույք ստանան երաժշտության լեզվով շփվելիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երեխաների հետ ելույթները նախևառաջ հույզերի փոխանակում են, այլ ոչ թե կատարողական վարպետության նկատմամբ խիստ մոտեցում։ Այս մասին Երևանում անցկացվող Starmus գիտությունների և արվեստների փառատոնին (մի քանի տարի առաջ երաժիշտը դարձել է փառատոնի հիմնադիրներից մեկը) նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Queen խմբի կիթառահարը։
Բրայան Մեյ
Բրայան Մեյը խոստովանել է, որ մտահոգվել է, երբ տեսել է, թե որքան սրտատրոփ են երեխաները պատրաստվում իր հետ ելույթ ունենալուն։

«Ես չէի ցանկանում, որ նրանք լարվածություն զգան, և որոշեցի փորձերի ժամանակ նվազագույն փոփոխությունները մտցնել։ Նրանք չպետք է իրենց վրա ճնշում զգան։ Իսկ մենք` երաժիշտներս, այս համերգի ժամանակ դուրս ենք գալու մեր հարմարավետության գոտուց, և դա նույնիսկ լավ է։ Մենք կկարողանանք փորձել այն, ինչը երբեք չէինք փորձի այլ բեմերում»,- հավելել է երաժիշտը։

Հավելենք, որ սեպտեմբերի 7-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Բրայան Մեյի հետ մեկ բեմում հանդես կգա Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։ Ելույթից առաջ երեխաները Բրայանի համար երաժշտական անակնկալ են պատրաստել` Youtube-ում ձայնագրելով Queen-ի երգերը։ Ինչպես խոստովանել է երաժիշտը, ինքը հիացած է կատարումով։
«Ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի»․ Բրայան Մեյը Երևանում Հոքինգի անվան մեդալ է ստացել
Հայաստանը Բրայան Մեյի համար «թեժ կետ» էր դարձել 1988 թվականի երկրաշարժից հետո։ Այն ժամանակ նա այլ ռոք-երաժիշտների խմբի հետ մասնակցել է Rock Aids Armenia նախագծին, որի հասույթն ուղղվել է տուժածներին օգնելուն։

«Ուզում էի Հայաստան գալ, բայց, ցավոք, այն ժամանակ չէի կարող։ Այժմ շատ ուրախ եմ։ Կարող եմ ասել, որ երազանքս իրականացել է»,- հայտարարել է երաժիշտը։

Բրայան Մեյը հիշեց նաև դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ իր աշխատանքը, որը, ինչպես ինքն է խոստովանում, օգնել է իրեն մի փոքր ճանաչել և զգալ հայկական երաժշտությունը։ Նա ջերմությամբ է հիշում Գասպարյանի հետ համատեղ ձայնագրությունները «Գլադիատոր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
«Մեր աշխատանքն առանձնակի զգացմունքով եմ հիշում, քանի որ նա այլևս մեզ հետ չէ։ Նրա հետ երաժշտության միջոցով շփվելն ինձ հարստացրեց, գոնե մի փոքր փորձեցի զգալ հայկական երաժշտությունը, իհարկե, որքանով դա հնարավոր էր»,- հավելեց Մեյը։
STARMUS VI փառատոնը կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա. Սերժ Թանկյան
Այժմ երաժիշտն ուրախությամբ սպասում է Ջիվան Գասպարյանի թոռան` Ջիվան կրտսերի հետ համագործակցությանը։
Հիշեցնենք, որ Starmus գիտությունների և արվեստների փառատոնին Երևան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ և գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ։