ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքի պարետի դեմ մահափորձի հետևում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ է կանգնած։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Ահաբեկչության և Բերդյանսկի պարետի դեմ մահափորձի հետևում Զելենսկու ռեժիմի ահաբեկիչներն են կանգնած», - ասել է նա:
Նրա խոսքով՝ այժմ ուկրաինացի դիվերսանտների որոնում է իրականացվում։
Նշենք, որ այսօր Բերդյանսկի կենտրոնում՝ քաղաքի վարչակազմի շենքի մոտ, պայթյուն է հնչել։ Իշխանությունը դա ահաբեկչություն է որակել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պայթեցվել է քաղաքի պարետ Արտյոմ Բարդինին պատկանող ավտոմեքենան։ Նա ծանր վիճակում հոսպիտալացվել է։