Մեծ Բրիտանիայի թագուհին ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականը. ԶԼՄ

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին. Արխիվային լուսանկար
Ջոնսոնից հետո թագուհու մոտ կգնա իշխող Պահպանողական կուսակցության՝ նախօրեին ընտրված ղեկավար Լիզ Թրասը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատը։
Այսօր առավոտյան որպես վարչապետ վերջին ելույթից հետո Ջոնսոնը գնացել է Եղիսաբեթ երկրորդ թագուհու մոտ` Շոտլանդիայի նրա նստավայր:
Ջոնսոնից հետո թագուհու մոտ կգնա իշխող Պահպանողական կուսակցության՝ նախօրեին ընտրված ղեկավար Լիզ Թրասը: Եղիսաբեթ II մոտից նա դուրս կգա որպես վարչապետ և առաջին ելույթից հետո կսկսի ձևավորել կառավարությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ընտրությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար: Նան հավաքել է 81,3 հազար ձայն՝ առաջ անցնելով ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակից, որը ստացել է 60,4 հազար ձայն:
Պահպանողականների նախկին առաջնորդ Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինեց 2019 թվականին, հուլիսի 7-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: