ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Զապորոժիեի ԱԷԿ–ի շուրջ ապառազմական գոտի ստեղծել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը
Գուտերեշը հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ում կկարողանան անարգել աշխատել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմական գոտի ստեղծել: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«Պետք է հասնել ապառազմականացված գոտու մասին համաձայնագրի կնքմանը։ Մասնավորապես, ռուսական կողմը պետք է պարտավորվի դուրս բերել իր զինծառայողներին և տեխնիկան այդ տարածքից, իսկ ուկրաինական կողմը պետք է պարտավորվի չմտնել այդ տարածք», - ասել է Գուտերեշը։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ում կկարողանան անարգել աշխատել:
«Ես հավատում եմ, որ ՄԱԳԱՏԷ - ի փորձագետները, որոնք այժմ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում են, կկարողանան անարգել կատարել իրենց աշխատանքը և իրենց ներդրումն ունենալ կայանում ամուր միջուկային անվտանգության ապահովման գործում», - ասել է Գուտերեշը:
Գուտերեշը մտահոգություն է հայտնել կայանում և նրա շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, այդ թվում՝ վերջին գնդակոծությունների մասին հաղորդագրությունների ֆոնին:
«Եվրոպայում խոշորագույն Զապորոժիեի ատոմակայանի կամ Ուկրաինայի ցանկացած այլ ատոմային օբյեկտի վնասումը` կանխամտածված, թե ոչ, կարող է աղետ դառնալ ոչ միայն անմիջական հարևանների, այլև ողջ տարածաշրջանի համար», - ասել է նա:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: