ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին հրավիրել են գլխավոր դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։
Այս մասի տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում հրապարակված ծանուցագրից։
Ծանուցագրի համաձայն` Թովմասյանին պատկանող գույքի առնչությամբ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Հրայր Թովմասյանից բացի նույն գործի շրջանակներում դատախազություն են կանչվել նաև նրա երկու երեխաները, կինը, կնոջ քույրն ու վերջինի ամուսինը։
Գործող իրավակարգավորումներով Հրայր Թովմասյանը ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում կարող է ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ծանուցագրում դատախազություն ներկայանալու օր է նշանակվել սեպտեմբերի 7-ը, ժամը 09:30-ը։ Այդ օրն ու ժամին ներկայանալու անհնարինության դեպքում Թովմասյանը պետք է կապ հաստատի դատախազության հետ այցի օրն ու ժամը համաձայնեցնելու համար։