ՀՀ նախագահը պետական մրցանակ է հանձնել IBM-ի ներկայացուցչին

ՀՀ նախագահը պետական մրցանակ է հանձնել IBM-ի ներկայացուցչին
Լեոն Սթոկն ասել է, որ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ հետաքրքրություն կա, իսկ մարդիկ ընկերասեր են և բարյացկամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին:
IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկը
Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։
Խաչատուրյանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է Լեոն Սթոկին պետական մրցանակ շնորհելու հնարավորությունը:
«Համոզված եմ, որ նման միջոցառումները, նման ավանդույթների շարունակությունը մեզ մոտ է՛լ ավելի կմեծացնի հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ և մեր երիտասարդների, ինչպես նաև կայացած գիտնականների մոտ ցանկություն կառաջացնի իրենց անունը ևս տեսնել դափնեկիրների ցուցակում», –ասել է նա։
Մրցանակաբաշխություն նախագահականում
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ կրթությունից և գիտությունից բացի Հայաստանի համար զարգացման այլ ճանապարհ չկա: «Մենք ժամանակին ունեցել ենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիական տնտեսություն որպես այդպիսին: Մենք պարտավոր ենք վերականգել այդ լավագույն ավանդույթները,- նշել է նախագահը:
Լեոն Սթոկը, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, ասել է, որ Հայաստանում դժվար է չնկատել գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև չզգալ ընկերասեր և բարյացկամ մարդկանց վերաբերմունքը: