ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին կանչել են գլխավոր դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։
Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում տեղադրված ծանուցագրից։
Ծանուցագրի համաձայն` նախկին թաղապետից բացի, նրան պատկանող գույքի առնչությամբ դատախազություն են հրավիրվել նաև նրա ընտանիքի անդամները` կինը, որդին ու հայրը։
Գործող իրավակարգավորումներով՝ Հարությունյանը ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում կարող է ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Արմեն Հարությունյանը Էրեբունի համայնքը ղեկավարել է 2009-17թթ-ին։
Վերջինս, ըստ մամուլի, Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Նա, ի դեպ, այդ պաշտոնում փոխարինել է հենց Սեդրակյանին։