Դանակահարություն Փարաքարի գիշերային ակումբի բակում. կասկածյալը փախել է` տանելով դանակը

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Դանակահարված տղամարդիկ «Կալիֆոռնիա» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներ են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 6-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆոռնիա» գիշերային ակումբի մոտ։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, գիշերային ակումբի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Մ.-ի և Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Ս.-ի և 47-ամյա Միհրան Ք.-ի միջև, որի ժամանակ Արսեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս:
Վիրավորները տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն` Արթուր Ս.-ն` «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով, իսկ Միհրան Ք.-ն` «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
24–ամյա Արսեն Մ.-ն դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանները փնտրում են նրան։ Չի հայտնաբերվել նաև հանցագործության գործիք դանակը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն աշխատում են «Կալիֆոռնիա» գիշերային ակումբում՝ որպես անվտանգության աշխատակիցներ: