Անընդունելի է` Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումները շարունակվում են. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին ԶԱԷԿ–ում. Արխիվային լուսանկար
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի բոլոր համակարգերը պետք է նորմալ գործեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբեր – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարվածները շարունակվում են, և դա անընդունելի է։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նրա խոսքով՝ կայանի բոլոր համակարգերը պետք է լիովին գործեն։ ՄԱԳԱՏԷ-ն խորհուրդ է տալիս Զապորոժիեի ԱԷԿ-ից դուրս բերել ռազմական տեխնիկան և հանդերձանքը:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: