ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Մարտական դիրքում. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը»,-հայտնում են ՊՆ-ից։
Հաղորդագրության մեջ շեշտվում է՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը: