Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 26.5 մլն եվրոյի վարկ է տրամադրում

Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14.5–ը` արտոնյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ–ին տրամադրել 26 500 000 եվրոյի կամ 30 մլն դոլարի վարկ։
Վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում ներառելու հարցն այսօր ներկայացվել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը։
Ինչպես հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, վարկային միջոցներով նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիրը։
«Այս վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել պետական մի շարք մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում` արդարադատության նախարարության, ոստիկանության, ՊԵԿ–ի, տեղական ինքնակառավարման մարմինների»,– ասաց Մուրադյանը։
Թվայնացմանը զուգահեռ նախատեսվում է ստեղծել նաև այդ ծառայություններից օգտվողների համար բջջային հավելվածներ։
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը վարկը ՀՀ–ին է տրամադրում 25 տարի մարման ժամկետով, որից 14.5–ը` արտոնյալ։