Տիեզերագնաց Գարեթ Ռայզմանը Երևանում պատմել է «բազմակի օգտագործման» հրթիռի մասին

Արխիվային լուսանկար
Նոր հրթիռը կարող է բարձրանալ ոչ թե մի քանի հարյուր կիլոմետր, ինչպես նախկինում, այլ մի քանի հազար կիլոմետր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. NASA-ի նոր, բազմակի օգտագործման հրթիռը վերջապես թույլ կտա ավելի լայն հայացք գցել տիեզերքին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ինժեներ, նախկին տիեզերագնաց Գարեթ Ռայզմանը՝ Երևանում Starmus գիտության և արվեստի փառատոնի շրջանակներում Մարզահամերգային համալիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ ամերիկացի տիեզերագնացները վայրէջք կատարեցին Լուսնի վրա, տասնամյակներ շարունակ հրթիռները տիեզերագնացներին միայն մերձերկրյա ուղեծիր էին դուրս բերում:
Նոր հրթիռը, որը պատրաստվում է գործարկել NASA-ն, կարող է շատ ավելի մեծ բարձրություն վերցնել՝ ոչ թե մի քանի հարյուր կիլոմետր, այլ մի քանի հազար։
Դա թույլ կտա ավելի լավ ուսումնասիրել մերձավոր տիեզերքը և հարևան մոլորակները, հավելել է նա:
«Բացի այդ, ի տարբերություն իր նախորդների, հրթիռը բազմակի օգտագործման կլինի, ինչը թույլ կտա այն օգտագործել, հնարավոր է, նաև հեռավոր թռիչքների համար»,- հայտարարել է նա:
Ռայզմանն ինքը դեռ չգիտի, թե արդյոք կհամարձակվի Մարս թռչել։ Երբ նրա երեխաները հարցնում են, թե ինչու կրկին տիեզերք չի թռչում, հայրիկը նրանց պատասխանում է․ «Միայն ամբողջ ընտանիքով կթռչեմ», ժպիտով պատմում է նա։