ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան պահպանության միջոցառումներն ուժեղացվել են, այդ թվում՝ թալիբների իշխանության լրացուցիչ ուժերի ու Աֆղանստանի հակահետախուզության ներգրավմամբ: Տեղեկությունը Տաջիկստանի իր գործընկերոջ հետ բանակցություններից առաջ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Անհապաղ միջոցներ են ձեռնարկվել պահպանությունն ուժեղացնելու ուղղությամբ, ներգրավվել են թալիբների իշխանության լրացուցիչ ուժեր, գործի են դրվել Աֆղանստանի հետախուզության ու հակահետախուզության ծառայության հնարավորությունները: Հուսանք, որ այդ ահաբեկչության կազմակերպիչներն ու իրականացնողները շուտով իրենց արժանի պատիժը կկրեն», - ասել է Լավրովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ մարդկանց խմբի մեջ գտնվող մահապարտը պայթուցիկ սարք է գործարկել: Ականատեսները հայտնել են, որ ահաբեկչության զոհերի թիվը կարող է հասնել 20-ի։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է առնվազն 10 մահացածի և 8 հոսպիտալացվածների մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ 2 ռուսաստանցի դիվանագետ է զոհվել։
* «Թալիբան» շարժումն ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ: