ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով դեսպանատան 2 աշխատակից է մահացել, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 5-ին, Քաբուլի ժամանակով 10:50-ին, Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ անհայտ գրոհայինը գործի է դրել պայթուցիկ սարքը։ Հարձակման հետեւանքով զոհվել է դիվանագիտական առաքելության երկու աշխատակից, Աֆղանստանի քաղաքացիների շրջանում ևս կան տուժածներ», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Տեղեկացվում է, որ դեսպանատունը սերտ կապի մեջ է Աֆղանստանի անվտանգության ծառայությունների հետ, որոնք հետաքննություն են անցկացնում։
ՌԻԱ Նովոստին էլ հաղորդում է, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 8-ը հոսպիտալացվել են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ մահապարտ է պայթել այն պահին, երբ ռուս դիվանագետը դուրս է եկել վիզա ստանալու հավակնորդների անունները կարդալու համար:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է հասնել 20 -ի, կան տուժածներ։