ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է գերակա ուղղություններով` բնագիտական առարկաների գծով, որոշ բուհերի տրամադրել տարկետման որոշակի տեղեր։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Հիմա տարկետում են տալիս անձանց նշանակալի նվաճումների համար, իսկ մենք առաջարկում ենք բուհերին սահմանափակ քանակությամբ տեղեր տալ տարկետման համար։ Բացարձակապես խառնաշփոթ չի լինի, քանի որ սա հայտնագործություն չէ` խորհրդային շրջանում եղել է նման պրակտիկա։ Սրա հիմնական նպատակը կրթության անընդհատության ապահովումն է»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` այս դեպքում ենթադրվում է, որ որոշակի պայման է լինելու նաև տարկետում ստացողի համար, օրինակ` ավարտելուց հետո աշխատել ստացած մասնագիտությամբ։
Մյուս կողմից, Դումանյանի խոսքով, չի կարելի պնդել, որ եթե մարդը բանակում ծառայել է, չի կարող գիտնական լինել կամ գիտությամբ զբաղվել։ Նախարարը կարծում է, որ բոլորը պետք է ծառայեն` յուրաքանչյուրն իր գիտելիքների և կարողությունների շրջանակում։
Դումանյանը վստահեցնում է, որ ՊՆ–ի հետ որևէ կոնֆլիկտ չունեն այս հարցում։
Հավելենք, որ նախագիծը կառավարությունից դրական եզրակացություն է ստացել։ Այն այսօր քննարկվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով նիստում` ԱԺ լիագումար նիստ ընդգրկվելու համար։