Մենք օրենքի ուժով չենք կարող մարզիկին տանել բանակ, որովհետև նա այնուամենայնիվ պետք է իր գործն անի սպորտի ասպարեզում, և միայն կարիերան ավարտելուց հետո շատ հանգիստ կարող է անցնել զինծառայության, Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1 և 5.2 մասերով՝ հետևյալ բովանդակությամբ. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբի) հանդես գալու համար և մինչև 2021 թ. մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է»:
«Կուտակվել են մարզիկների ազգանուններ, ովքեր նախկինում հիմնավոր կամ անհիմն կերպով բերվել են Հայաստան, և նրանց տրվել է քաղաքացիություն։ Խոսքը հիմնականում վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների անդամներին, ովքեր իրենց բնակության երկրներում բախվել են խնդրի, այսինքն` նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում զինծառայությունից խուսափելու համար։ Այդ մարդկանց պետք է հանգիստ ապրելու հնարավորություն տալ։ Մենք հիմա մաքրում ենք այդ ամենը, որպեսզի ապագայում նման խնդիրներ չառաջանան»,– նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Գիլոյանի տեղեկացմամբ` ՀՀ կառավարության թիվ 89 և 450 որոշումների համաձայն` կարգավորումները կան և դրանք վերաբերում են ոչ թե կոնկրետ անձերի, այլ կրում են համակարգային, ինստիտուցիոնալ բնույթ։ Ըստ այդմ` արվելու է ամեն ինչ, որպեսզի արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր կարող են այս կամ այն մարզաձևում ուժեղացնել մեր ազգային հավաքականները, առանց վարանելու գան և իրենց լուման ներդնեն մեր հաղթանակների մեջ։
Անդրադառնալով այն անձանց, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, Գիլոյանը նշեց, որ այդպիսիք շատ են և վկայակոչեց, օրինակ, Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկին` Վլադիմիր Սանոսյանին, որը պարբերաբար խնդիրներ է ունենում Ռուսաստանում։
«Քանի որ Սանոսյանի նկատմամբ Հայաստանում հայտարարված է հետախուզում, ՌԴ իրավապահները նրան հաճախակի տանում են բաժին, որից հետո մենք միջամտում ենք` խնդրելով նրան բաց թողնել։ Որպեսզի նման խնդիրներ չառաջանան, պետք է նման մարդկանց մաքրենք և հնարավորություն տանք հանգիստ ապրել ու մաքուր թերթից շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ 2021 թվականի մայիսի 1-ի դրությամբ արդեն իսկ կա բավականին մեծ ցուցակ, և հիմա գոյություն ունեցող կարգավորումների միջոցով հնարավոր կլինի սփյուռքահայերին զինծառայությունից ազատելու խնդիրը լուծել»,– նշեց Գիլոյանը։
Կառավարության որոշումների համաձայն` եթե քաղաքացիությունը շնորհվում է ՀՀ նախագահի կողմից, այլ ոչ թե տրվում է օրենքի ուժով, ապա այդ դեպքում կառավարության կողմից հաստատված մարզաձևերի ցանկի համաձայն` տվյալ մարզիկն արդյունք ցույց տալու դեպքում ազատվում է բանակում ծառայելուց, իսկ արդյունք ցույց չտալու դեպքում բոլորի պես պարտավոր է ծառայել։
«Տարկետումները սովորաբար տրվում են երկու կամ չորս տարով` կապված մարզիկների տարիքի հետ։ Տարբեր մարզաձևերի պարագայում նվաճումները գնահատվում են տարբեր կերպ, օրինակ` ծանրամարտում կամ ըմբշամարտում մարզիկն առնվազն պետք է լինի չեմպիոն կամ մրցանակակիր, իսկ առանձին մարզաձևերի դեպքում նույնիսկ մինչև 24–րդ տեղը գրաված մարզիկներին հասնում է տարկետում, քանի որ առանձին վերցրած մարզաձևերի պարագայում մենք դեռ չենք կարող ակնկալել մեծ նվաճումներ։ Խոսքը վերաբերում է սուսերամարտին, թենիսին և այլն։ Ամեն ինչ արել ենք, որ մեր սպորտն ունենա զարգանալու հնարավորություն ու արձանագրի բարձր նվաճումներ»,– հավաստեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ի նիստում առաջին ընթարցմամբ դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության նախագծին։