ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է, որ չի ցանկանում աշխատել երկրի նոր վարչապետ Լիզ Թրասի հետ և հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես շնորհավորում եմ Լիզ Թրասին՝ որպես մեր նոր առաջնորդ ընտրվելու առթիվ, ես կաջակցեմ նրան վարչապետի պաշտոնում։ Ես կշարունակեմ իմ երկրին և Ուիթեմ ընտրատարածքին ծառայել որպես պատգամավոր (Մեծ Բրիտանիայում կառավարության բարձրաստիճան անդամները խորհրդարանականներ են) այն բանից հետո, երբ Լիզը պաշտոնապես ստանձնի պաշտոնը և ներքին գործերի նոր նախարար կնշանակի»,-հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղղված նամակում գրել է Փաթելը:
Ավելի վաղ պահպանողականների հանդիսավոր միջոցառումից ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարվել էր, որ Թրասը դարձել է կուսակցության նոր առաջնորդը և Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը: Նա հավաքել է ձայների 57,4 տոկոսը՝ առաջ անցնելով վարչապետի պաշտոնի մյուս հավակնորդից՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին կանցլեր Ռիշի Սունակից։