Խափանվել է ԱԹՍ-ի օգնությամբ ԶԱԷԿ-ին հարվածելու` Կիևի նոր փորձը․ ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով ԴԺՀ-ում հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար-ՏԲ2»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի–Sputnik. Ռուս զինվորականները կիրակի խափանել են Զապորոժիեի ԱԷԿ-ին անօդաչու թռչող սարքի օգնությամբ հարվածելու` Կիևի նոր փորձը. ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների գործողությունների արդյունքում այն կորցրել է կառավարումն ու ընկել ԶԱԷԿ-ի տարածքից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է զեկույց հրապարակել սեպտեմբերի 6-ին Զապորոժիեի ԱԷԿ այցելության մասին
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում նշված է, որ չնայած Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությանը, Կիևի ռեժիմը շարունակում է սադրանքները տեխնածին աղետի սպառնալիք ստեղծելու նպատակով։
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով ԴԺՀ-ում հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար-ՏԲ2»։ Խերսոնի մարզում խոցվել են ԱՄՆ-ի արտադրության 4 HARM հակահրթիռային հրթիռներ»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են ամրապնդվել Նիկոլաևո-Կրիվորոժսկի ուղղության առանձին հատվածներում։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, հրթիռային զորքերն ու հրետանին բարձր ճշգրտության հարվածներ են հասցնում ուկրաինական զորքերի ստորաբաժանումներին ու պահեստներին։ Ընդհանուր առմամբ` անցած մեկ օրվա ընթացքում տվյալ ուղղությամբ մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է 11 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա և 8 այլ զրահապատ մեքենա, 9 պիկապ խոշոր տրամաչափի գնդացիրներով և ավելի քան 220 զինծառայող:
«Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ոչնչացվել է 287 ինքնաթիռ, 152 ուղղաթիռ, 1877 անօդաչու թռչող սարք, 372 զենիթահրթիռային համալիր, 4822 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 825 մարտական մեքենա, 3368 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 5304 միավոր»,-հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 193-րդ օրը։