Իրանն ու Ռուսաստանը 2023 թ-ից կչեղարկեն խմբակային վիզաները զբոսաշրջիկների համար

Իրանցի ու Իրանի դրոշը
Համապատասխան համաձայնագիրը կողմերի միջև ստորագրվել է իրանա-ռուսական զբոսաշրջության տեխնիկական կոմիտեի երկրորդ հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Իրանն ու Ռուսաստանը կչեղարկեն խմբակային վիզաներն իրենց զբոսաշրջիկների համար 2023 թվականի հունվարից։ Տեղեկությունը հայտնել է Իրանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մարքեթինգի և զբոսաշրջության զարգացման բաժնի ղեկավար Լեյլա Աժդարին։
Համապատասխան համաձայնագիրը կողմերի միջև ստորագրվել է իրանա-ռուսական զբոսաշրջության տեխնիկական կոմիտեի երկրորդ հանդիպման ժամանակ։
«Հիմք ընդունելով Իրանի և Ռուսաստանի կառավարությունների կողմից նախկինում ստորագրված և համաձայնեցված փաստաթուղթը 2023 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության և Իրանի քաղաքացիներին խմբակային (5-ից 50 հոգուց բաղկացած խմբեր` 15 օր ժամկետով) վիզայի կարիք չի լինի»,- ասել է Աժդարին։
2017 թվականին Իրանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարները երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագիր են ստորագրել իրենց քաղաքացիների համար խմբակային վիզաների վերացման մասին։ 2018 թվականին պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ, սակայն 2021 թվականի հունիսին այս համաձայնագրի նախագիծը կրկին ստորագրվեց համապատասխան գերատեսչությունների միջև, բայց կյանքի չկոչվեց։