ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ջրի նմուշառում է կատարել այն շենքի բնակիչների տներից, որոնք օրեր առաջ բողոքում էին, թե ծորակներից կապույտ ջուր է հոսում։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչը` ի պատասխան Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին, թե ինչ քայլեր են կատարվել քաղաքացիների ահազանգին ի պատասխան։
Հավելենք, որ երևանաբնակ մի շարք քաղաքացիներ տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես է տան ծորակից կապույտ ջուր հոսում:
«Կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, շենքի բնակարաններից խմելու ջրի նմուշառում ենք արել։ Համապատասխան լաբորատոր հետազոտություններ են արվել, և որևէ շեղում կամ անհանգստացնող բան չի հայտնաբերվել։ Մեկ բնակչի բնակարանում սրբիչները կապույտ են եղել սրբվելուց հետո, և այդ դեպքը չենք ակրող տարածել բոլորի վրա»,–ասաց ՀՎԿԱԿ–ի ներկայացուցիչը։
Բացի այդ, «Վեոլիա ջրի» ներկայացուցիչն էլ իր հերթին հայտնեց` իրենք նույնպես ջրի նմուշառում են կատարել և պարզվել է` ջուրը համապատասխանում է խմելու ջրի ստանդարտներին։ Նշված դեպքը կապված է եղել շենքի ներքին ցանցում առկա սանիտարական սարքերի խափանման հետ, որը կարգավորվել է։