Իջևանի բենզալցակայաններից մեկում հնչած պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է. մանրամասներ

ՔԿ–ն հայտնում է, որ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Իջևանի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 հոսպիտալացվածներից մեկը մահացել է, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 3-ին Իջևանի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով քաղաքացիներ են տուժել։
«Նախնական տվյալներով՝ բենզալցակայանում գազաբալոնի գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով 4 քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Հիշյալ քաղաքացիները տուժող են ճանաչվել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը)։