ՀՀ մասնավոր տրանսֆերտները 155.7%–ով աճել են հունվար-հունիսին. դրանք հիմնականում ՌԴ–ից են

Բանկոմատ
Աճը պայմանավորված է հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված կամ ՀՀ–ում գրանցված տնտեսական գործունեություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. 2022թ–ի հունվարի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումներն աճել է շուրջ 155.7%–ով։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը։
Նրա խոսքով` աճը պայմանավորված է հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված կամ ՀՀ–ում գրանցված տնտեսական գործունեություններով։
«ՌԴ-ից հունիս ամսին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած դրամական զուտ փոխանցումների աճը կազմել է 391.2%»,– ասաց նախարարը։
2022 թվականի առաջին կիսամյակում ՀՀ բանկերում վարկերի ծավալները ևս աճել են` հունիսին ռեզիդենտներին տրամադրված վարկերի աճը կազմել է 1.9%։
Վարկերի աճը, ֆինանսների նախարարության վերլուծությամբ, հիմնականում պայմանավորվել է հիփոթեքային վարկերի 30.9 տոկոս աճով, շինարարության` 9.2 և գյուղատնտեսության 6 տոկոս աճով։
Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներից ներգրավված ավանդներն աճել են 10.3% ով, որին նպաստել են ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ ձեռնարկությունների ավանդների աճը՝ համապատասխանաբար 4.5 և 2.3 տոկոսով։
2022 թվականի առաջին կիսամյակում, դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկմամբ պայմանավորած, նվազել է դոլարայնացման մակարդակը: Արտարժութային ավանդները կազմել են 41.8%, վարկերը` 39%։