ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Քաբուլում ՌԴ դեսպանատան վրա հարձակման ժամանակ զոհվածների հարազատներին

Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 ռուսաստանցի դիվանագետ է զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Քաբուլում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհվածների հարազատներին։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Քաբուլում ՌԴ դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհված անձանց հարազատներին և մերձավորներին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- գրել է Հունանյանը։
Հայտնել ենք, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ մարդկանց խմբի մեջ գտնվող մահապարտը պայթուցիկ սարք է գործարկել: Ականատեսները հայտնել են, որ ահաբեկչության զոհերի թիվը կարող է հասնել 20-ի։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է առնվազն 10 մահացածի և 8 հոսպիտալացվածների մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսաստանցի 2 դիվանագետ է զոհվել։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ասել է, որ դեսպանատան պահպանության միջոցառումներն ուժեղացվել են, այդ թվում` թալիբների իշխանության լրացուցիչ ուժերի և Աֆղանստանի հակահետախուզության ներգրավմամբ։