ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն ընտրվել է պահպանողական կուսակցության ղեկավար։ Նա կդառնա նաև վարչապետ։
Տեղեկությունը հայտնել է Պահպանողական կուսակցության կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին։ Ուղիղ եթերն ապահովում էր Sky News–ը։
Թրասը հավաքել է 81,3 հազար ձայն՝ այդպիսով առաջ անցնելով ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սուդակից, որը ստացել է 60,4 հազար ձայն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Sky News-ը, գործող վարչապետ Բորիս Ջոնսոնն իր լիազորությունները կուսակցության նոր առաջնորդին կփոխանցի սեպտեմբերի 6-ից ոչ շուտ: Նույն օրը Մեծ Բրիտանիայի թագուհին երկուսին էլ կընդունի Բալմորալ շոտլանդական դղյակում, իսկ սեպտեմբերի 7-ին հարցերի ավանդական նստաշրջան կարող է անցնել խորհրդարանում:
Պահպանողականների առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածությունն առաջադրելու իրենց ցանկության մասին ի սկզբանե հայտարարել է 11 խորհրդարանական, վարչապետի աթոռի համար մրցավազքի ընթացքում նրանցից 9 դուրս են մնացել: Վերջին տուրում Լիզ Թրասի ու Ռիշի Սունակայի միջև հաղթողին ընտրել են կուսակցության բոլոր անդամները, որոնք այսօրվա դրությամբ մոտ 200 հազար են:
Քվեարկությունը տեղի է ունեցել փոստով և ավարտվել է սեպտեմբերի 2-ին, չնայած այն հանգամանքին, որ մեկնարկը հետաձգվել էր: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կառավարական կապի բրիտանական կենտրոնը (GCHQ), որը պատասխանատու է երկրի կառավարության և զինված ուժերի տեղեկատվական պաշտպանության համար, նախազգուշացրել է, որ հաքերները կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշում է կայացրել հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից: Նա այս պաշտոնում փոխարինել էր Թերեզա Մեյին, 2019 թվականից։