Հայ գիտնականները կարող են շարունակել Քեմուրջյանի ավանդույթները Մարսի հետազոտման գործում

Ալեքսանդր Քեմուրջյան
Հայ աստղագետներն արդեն մասնակցում են «Ջեյմս Ուեբբ» և «Հաբլ» ուղեծրային հեռադիտակների հետազոտություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայ գիտնականները կարող են շարունակել իրենց մեծ հայրենակից Ալեքսանդր Քեմուրջյանի ավանդույթները Մարսի ուսումնասիրության և յուրացման գործում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Starmus արվեստի և գիտության փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Ժամանակակից գիտությունը պետք է պատասխանի այն հարցերին, որոնք նախկինում չեն հնչել և չեն տրվել: Խորհրդային տարիներին հենց այդպես էլ լինում էր։ 1971 թվականին Խորհրային Միության արձակած «Մարս-3» տիեզերական սարքում մարսագնաց էր գտնվում, որը մշակել էին հետազոտողները՝ Ալեքսանդր Քեմուրջյանի ղեկավարությամբ: Դրա օգնությամբ երկիր են ուղարկվել Մարսի մակերևույթի առաջին լուսանկարները։
Երևանում անցկացվող 6-րդ Starmus փառատոնը կրում է 50 Years on Mars (50 տարի Մարսի վրա) անվանումը։ Բայց սա ոչ թե հարգանքի տուրք է անցյալին, այլ հիշեցում ներկայի մասին, նշել է Փաշինյանը։
«Աշխարհում քննարկվում է Մարսի բնակեցման և յուրացման հարցը։ Եվ մենք ցանկանում ենք, որ հայ գիտնականներն ու հետազոտողներն իրենց ներդրումն ունենան այս մեգանախագծում»,-ասել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ հայ աստղագետներն արդեն իսկ մասնակցում են «Հաբլ» և «Ջեյմս Ուեբ» ուղեծրային հեռադիտակներից ստացված պատկերների հետազոտությանը (որից վերջերս ստացվել են ամենահեռավոր տիեզերական լուսանկարները - խմբ):
Իր հերթին, հավելել է նա, Հայաստանի կառավարությունը 80 տոկոսով ավելացրել է հատկացումները գիտությանը և շարունակելու է ավելացնել դրանք: